Kostenlos

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

Text
0
Kritiken
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

–Թևիկ, ուզու՞մ ես քիչ մասաժ անեմ ոտդ,-ասում է մայրը, կարեկցությամբ նայելով որդուն։

Թևիկը սրտանց կուզենար, իհարկե, ասել՝ ''հա, մամա'', բայց հայացքով որսալով Հարութի ակնոցի սառը փայլը, ոչինչ չի ասում։ Այդ փայլի ետևում չեն երևում Հարութի աչքերը, բայց Թևիկը զգում է. դրանք համարյա ուղղված են իր քթարմատին, և նա այդ աչքերում ասես կարդում է. ''Դե, ասենք թե մի քիչ թեթևացավ ոտքիդ ցավը, դրանից որևէ բա՞ն է փոխվելու, ժամանակ ենք կորցնելու միայն, և ուրիշ ոչինչ''։

–Չէ, մամա, պետք չի, ես ինձ լավ եմ զգում։ ''Քննությունը վերջանա, կգնամ վիրահատության,-մտածում է նա։-Այդ անիծյալ բեկորից է այս ամբողջ ջերմությունն ու տառապանքը''։

–Սաթենիկ մորաքույր, դուք նրան բոլորովին քնքշակյաց եք դարձրել, -դարձյալ ժպտում է Հարութը։-Այդպիսի վերաբերմունքից հետո նա կարող է երևակայել, թե իրոք լուրջ հիվանդ է, այնինչ ինքնաներշնչում է, ուրիշ ոչինչ։

–Ախր, Հարութիկ ջան, երեսի գույնից տեսնում եմ, չէ՞…-և հանկարծ ինչ-որ հիշելով ասում է.-կաց մի հատ չափենք ջերմությունը։

–Նա ոչ մի ջերմություն էլ չունի, Սաթենիկ մորաքույր։ Մի՞թե ես չեմ տեսնում,-նա թեքվում, ձեռքը դնում է ընկերոջ ճակատին։-Ասում եմ, չէ՞, ոչ մի ջերմություն։ Թևիկ, ինքդ ասա, ու՞ր է այստեղ ջերմությունը,-նա կիսաշրջվում, դառնում է Անուշին,-Անուշիկ, նայիր, ես ճի՞շտ եմ ասում, թե չէ. ոչ մի ջերմություն էլ չկա։

–Հա, ոնց որ թե չկա, -մրմնջում է Թևիկը։

Անուշը նայելով եղբորը, ծիծաղում է աղջկական իր քաղցրաձայն ծիծաղով։ Բայց մայրը ոչ ոքի չի լսում, նա սառը ջերմաչափը զգուշորեն դնում է որդու թևատակին։

Ուղիղ ժամը չորսին Հարութը վերցնում է տետրը։

–Սկսու՞մ ենք։

–Սպասիր,– զայրալից ասում է Թևիկը։-Աստված, սա ի՞նչ մարդ է, չեմ հասկանում,– մռայլորեն ավելացնում է նա, թևատակից հանելով ջերմաչափը։ Սակայն նա չի հասցնում նայել թվերին, որովհետև մինչ նա անշտապ դանդաղկոտությամբ կհաներ ջերմաչափը, մինչև դանդաղաշարժ կմոտեցներ աչքերին, մինչև դանդաղորեն կնայեր, Հարութը նրա ձեռքից արագ վերցնում է ջերմաչափը ու մոտենում լուսամուտին։

–Դե, իհարկե, չկա։ Հավատացեք, երբ ասում են, 37 ու 3, -և ձեռքի եռանդուն շարժումով թափ է տալիս ջերմաչափը։– 37 ու 3-ն էլ ջերմություն է, բայց պարապել, համենայն դեպս, կարելի է։

Մայրը թեթևահավատությամբ նայում է Հարութին, այնուհետև կոշտացած ձեռքը դնում է Թևիկի ճակատին և , շուրթերը սեղմած, օրորում է գլուխը։ Հարութը գրպանից դուրս է բերում թաշկինակը և, հանելով ակնոցը, սրբում է քրտնած ապակիները։ Անուշն առաջին անգամ է տեսնում Հարութին առանց ակնոցի և մնում է ապշած. նրա առջև բոլորովին ուրիշ մարդ է կանգնած։ Ասես ակնոցի հետ միաժամանակ Հարութը հանել էր մինչև այդ անտեսանելի դիմակը, որը նրա դեմքին գերգործնական արտահայտություն էր տալիս։ Նա այնպիսի անօգնական, սրտառուչ-մոլոր տեսքով էր կկոցել իր կարճատես աչքերը, որ Անուշը մի պահ խղճաց նրան և սրտի անդիմադրելի մղումով ցանկացավ մոտենալ Հարութին ու քնքշանքով փաղաքշել նրան։

Հարութը դնում է ակնոցը և սպասում այնքան, մինչև Անուշն ու մայրը դուրս կգան։ Անոշը ելնում է տեղից և գնում իր սենյակը։ Կանգ առնելով սենյակի մեջ տեղը, նա ձեռքերը տանում է այտերին. այտերը այրվում են։

Մորը ևս ոչինչ չի մնում անելու, քան ենթարկվել. նա տեսնում է, որ, միևնույն է, պարապմունքը պետք է շարունակել, անցնում է միջանցք և, բացելով ննջասենյակի դուռը, ասում է Անուշին. ''Անուշիկ, ես հարևանի մոտ եմ, խնդրել էր, որ անցնեմ, ոչ մի տեղ չգնաս, քիչ հետո կգամ''։

Հարութը բացում է տետրը. ամբողջ մի էջ բանաստեղծություն է գրած՝ գրած-ջնջած, խզմզած, նորից ջնջած-գրած։

–Սա պատմության կոնսպե՞կտ է, թե ոտանավորների ժողովածու,-խիստ տոնով հարցնում է նա։ ''Կարո՞ղ է Գայանեի մասին է'',-վախեցած մտածում է Թևիկը և դարձյալ հոգում թրթռում է նրա քաղցր անունը՝ ''Գայանե… դու իմ կյանքն ես, շունչն ու հոգին, երազանքս՝ քաղցրանուշիկ…''։

–Սա ի՞նչ է, քեզ եմ հարցնում, Ասրիյան,-նրա մտովի թռիչքն ընդհատում է Հարութը։ – ''Գամել է ինձ բախտը անգութ…''։ – Նա նայում է Թևիկին, քմծիծաղում։ Թևիկը նրա ձեռքից խլում է տետրը, պոկում է էջը։ ''Աստված, այս ի՞նչ պատիժ ես ուղարկել ինձ համար'',– մտովի փնթփնթում է նա՝ խոնջանքով ու հուսաբեկ։ Հարութը կրկին հանում է ժամացույցը.

–Տասներկու րոպե զուր տեղը կորցրինք։

Թևիկը խամրած տեսքով նայում է առաստաղին ու ալարելով արտաբերում է.

–Տեր աստված, սա ի՞նչ մանրախնդիր մարդ է եղել, ես չեմ իմացել։

–Մանրախնդրությունն ի՞նչ կապ ունի այստեղ։ Ժամանակը չի սպասում, իսկ վաղը չէ մյուս օրը պետք է քննություն հանձնես։

–Չեմ էլ հանձնի… Մեծ բան է…

–Չհանձնելը հեշտ է, հանձնելն է դժվար։ Այնպես որ, մտածիր։ Եվ չարժե հիստերիկայի մեջ ընկնել այն բանի համար, որ ինչ-որ բան չի ստացվում։ Չեխովն ասում է, որ կյանքը շատ դյուրին է և հարկավոր է ահագին ջանք թափել, որպեսզի ինքդ քո ձեռքով փչացնես այն։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ, բարեբախտաբար, անորոշելի հանգամանքներն այնքան քիչ են, որ դրանց թվարկման համար մեր մի ձեռքի մատներն էլ հերիք են։ Թե չէ հրեն գրում ես՝ ''բախտը անգութ'', և հասկանալ չես ուզում, որ անհրաժեշտ է լարել ուժերը և կտեսնես, որ ոչ մի ''անգութ բախտ'' էլ չկա։

Թևիկը կատաղում է.

–Ի՞նչ ես կպել այդ բառերին՝ բախտ, բախտ… Հա գրել եմ, հետո՞ ինչ, թող հիմարություն լինի, հա, հիմարություն է, հետո՞, ուզու՞մ ես հենց այս րոպեին պատռեմ։ Եթե դա քեզ բավականություն է պատճառում, կարող եմ պատռել։– Նա պատռում է բանաստեղծությունը, թղթերը լցնելով մոխրամանի մեջ։– Բավարարվա՞ծ ես։

–Ըհը։– Հարութը գոհունակությամբ շփում է ձեռքերը։– Այ, դա ուրիշ բան։ Դե, ուրեմն առաջ անցնենք։ – Եվ նա խոնարհվում է կոնսպեկտների վրա։

Անուշը շրջվում, երկարելով ձեռքը, հրում, փակում է դուռը։ Եվ դարձյալ այնտեղից թափանցում է Հարութի խուլ ու միալար ձայնը… Որոշ ժամանակ Անուշը ականջ է դնում այդ ձայնին, այնուհետև, մտքերի մեջ, մոտենում է մեծադիր հայելուն։ Առաջներում նա երբեմն սիրում էր կանգնել հայելու առջև և ինքնահիաց դիտել ինքն իրեն։ Վատ տրամադրության դեպքում օգնում էր։Նայելով իր գեղանի կազմվածքին, շամամի պես կլորիկ դեռահաս կրծքերին, լուսաշող սպիտակուցներով սևորակ աչքերին, նորաբաց կակաչի պես հրակարմիր թրթռուն շուրթերին, հիշելով, թե կոլեջում ու ատամնաբուժարանի տղաներն ինչպիսի կրակոտ հայացքներով էին նայում իրեն, տրամադրությունն ինքնաբերաբար բարձրանում էր։ Սակայն այսօր սովոր զվարթությունը չկար, աստված գիտի, թե որտեղից հայտնված, անհասկանալի ու անորոշ ինչ-որ տրամադրություն պատել ու չէր լքում նրան։

Անուշը շրջվում, նստում է լուսամուտագոգի առջև, ուր միշտ սիրում էր նստել և, նորից վերցնելով Դովլաթովի գիրքը, սկսում է կարդալ. երեկ գիշեր նա ''Կոմպրոմիսը'' կիսատ էր թողել։

–Հարութ, արի մի քիչ ընդմիջում անենք,-ասում է Թևիկը կես ժամ անց։

–Այս էջն էլ վերջացնենք…– Հարութը կարդում է. ''Մարտի տասնվեցին ֆրանսիական բուրժուազիան, որը ներկայացված էր ազգային գվարդիայում, ցույց կազմեկերպեց՝ ուղղված Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության դեմ։ Այն հանդես էր գալիս ''Կորչի Լենդրու-Ռոլլենը…՛՛, ''Կորչի ժամանակավոր կառավարությունը'' լոզունգներով։

Կիսափակ կոպերի տակից Թևիկը տեսնում է Հարութի շտապկոտ շարժվող շուրթերը, թեթևակի ծռված ակնոցը… Թևիկը ցնցում է գլուխը՝ խոնջությունը վանելու իրենից։

–''… և անցնել բուրժուական հանրապետության կողմը, դրանով իսկ հարված հասցնել բուրժուազիային…''։

''Մի շաբաթ, ոնց որ լարովի, կարդալու է'',-մտածում է Թևիկը։

''…Այսպիսով ,նա ամրացրեց նրա դիրքերը, փոխանակ…''։

''Ով՞ ամրացրեց։ Ո՞ւմ դիրքերը,''-սարսափով մտածում է Թևիկը։– Այ քեզի բան, բաց եմ թողել։ Գրողը տանի… Լավ, հետո կտեսնենք…Գուցե պարզվի…''։ Նրա աչքին է ընկնում ''Շիպկայի'' ծխախոտատուփը։ Նա մի գլանակ է վերցնում այնտեղից։ Կանգ առնելով կես խոսքի վրա՝ Հարութը դառնում է նրան.

–Պատմիր՝ ինչ որ կարդացի։

Թևիկը հանգիստ ծխում է, վառված լուցկու հատիկը դնելով ծխախոտատուփին։ Հարութը այն վերցնում, գցում է մոխրամանի մեջ։

–Դե՞հ։

–Իյա՜… ի՞նչ դեհ։ Կարծում ես չե՞մ պատմի։

Հարութը բարձրացնում է գլուխը։

–Իմ ուզածն էլ հենց այն է, որ պատմես։

–Հի-հի-հի… խորամանկն է, հա… Ուզում ես բռնացնել ինձ։ -Թևիկը քրթմնջում է։– Վերջ տուր, Հարութ։ Ես, ինչ է, ախմախի մե՞կն եմ քո կարծիքով։ Երկու բառ ես կարդացել՝ դե պատմիր։ Ոչ մի բան էլ չեմ պատմելու։

Հարութը խուզարկու նայում է նրան։

–Ո՞նց թե՝ չեմ պատմելու։ Ցնդե՞լ ես, ինչ է։

–Չեմ ցնդել, ասում եմ, որ չեմ պատմելու, ուրեմն չեմ պատմելու։ Հասկացա՞ր, չեմ պատմելու։

–Պատմելու ես, Թևիկ։

–Ե՞ս։

–Վերջ տուր այդ հիմար սովորությանդ՝ ե՞ս, ե՞ս։ Այո, դու։

–Չես տեսնի։ Եվ քննության էլ չեմ գնա։ Ոտքս պայթում է, իսկ նա՝ պատմիր հա պատմիր,– բղավում է Թևիկը։ – Հերիք է հրամայես։ Լսու՞մ ես։ Հերիք է… Ես երեխա չեմ, ես նույնքան տարեկան եմ, որքան և դու։ Հասկանու՞մ ես։ Քեզ համար փոքր երեխա չեմ։

Հարութը մթնում է, այտոսկրի մկանը խաղում, ցնցվում է կաշվի տակ։

–Դու ինչ է, վիճե՞լ ես ուզում ինձ հետ,-շինծու քմծիծաղով հարցնում է նա, ճիգով զսպելով ջղայնությունը։

–Այո, ուզում եմ… Հոգիս հանեց արդեն…Չեմ ցանկանում պարապել, հասկանու՞մ ես, ինձ ոչ մի քննություն պետք չէ, կարող ես գնալ…-Դաժանորեն վրա է տալիս Թևիկը և իսկույն էլ զղջում այդ վերջին բառերի համար։ Նա մի տեսակ ամբողջովին կակղում, տարտամում է։ Բերանում ինչ-որ դառնություն է։ Նա իր մեծ, թխավուն ձեռքը դնելով այտին, գլուխը ետ է գցում բարձին, ծոծրակով զգալով բարձի պաղ թարմությունը։ Անցնում է մեկ, երկու րոպե։ ''Կծխի ու կգնա'', – որոշում է Թևիկը, լսելով լուցկու շրշյունը, և մի ակնթարթում ասես պարզորոշ տեսնում է համակուրսեցիների հայացքները. ոմանք նայում են նրան կշտամբանքով, ոմանք՝ ներողամտորեն, մյուսները՝ դաժան նախատինքով։ Չէ՞ որ նրանք, իր ընկերներն են ուղարկել Հարութին։ Քրտինքը պատում է Թևիկի ճակատը։ Եվ այդ հասարակ , սովորական դեպքը, որին նա առաջներում կարող էր ոչ մի ուշադրություն չդարձնել, նրա աչքում այժմ կարևոր ու առանձնահատուկ իմաստ էր ստանում։

–Դե, սկսում ենք, թե՞ չէ,– իվերջո արտաբերում է Հարութը։– Ժամանակն անցնում է։

Եվ անմիջապես, կարծես հենց այդ խոսքերին էր սպասում, ննջարանից դուրս է գալիս Անուշը և նայում է Հարութին։ Նրա գունատ դեմքն ու շողարձակող աչքերը, առանց ավելորդ խոսքերի, պերճախոս կերպով վկայում են այն մասին, թե ինչ ապրումներ է ունեցել նա այդ երկու-երեք րոպեների ընթացքում, լսելով եղբոր վայրենի բղավոցները, և թե ինչքան երախտապարտ է նա հիմա Հարութին այն բանի համար, որ նա չի թողել ու հեռացել։

Սակայն Հարութն այդ ամենը չէր կարող կարդալ նրա դեմքին, որովհետև, թռուցիկ մի հայացք ձգելով Անուշին, նա անբավականությամբ արագ ցած գցեց գլուխը։ Նրան թվաց, որ Անուշը բոլորովին անպատեհ ժամանակ հայտնվեց սենյակում։ Իսկ մինչ այդ Թևիկի դեմքը ծածկվեց ամոթի կարմրությամբ։ Այդ պահին նա պատրաստ էր գետինը մտնել։ ''Հազար անգամ լավ կլիներ՝ գոռգոռար, պարսավեր'',– մտածում էր նա։ Միանգամայն անսպասելի, Թևիկը ժպտաց ամենամիամիտ ձևով և ասաց.

 

–Դու… այդ բանը… Հարութ, ներիր, հասկանու՞մ ես…

–Ես չեմ վարձվել հիմարություններ ներելու,-խստորեն, ասես դանակի պես, կտրեց Հարութը։-Պատմիր, ինչ կարդացել էի։

Թևիկը հառաչեց.

–Ե՞ս։– Եվ արագ սթափվելով, ավելացրեց։– Ես այդ բանը… Սկիզբը մոռացել եմ։

–Ոչինչ, վերջից սկսիր,-զայրացկոտ առաջարկեց Հարութը։-Պատմիր ցույցերի մասին… Դեհ, մի ձգձգիր։

–Չեմ ձգձգում։ Ինչու՞ է թվում, թե ձգձգում եմ։

–Դե՞հ։

–Ցույցեր էին տեղի ունենում։

–Ի՞նչ ցույցեր:

–Ի՞նչ ցույցեր պիտի լինեն։ Սովորական…Մարտի տասնվեցին, իհարկե։ Բուրժուազիայի մի մասը ազգային գվարդիայում…

–Հետո՞։

–Հետո… այն ուղղված էր ժամանակավոր կառավարության դեմ։ Այսպիսով, նա ամրացնում էր նրա դիրքերը…-անվճռական ավելացրեց Թևիկը։

–Ո՞վ։ Ե՞րբ։ Որտե՞ղ։

–''Ով, երբ, որտեղ'':Հեռուստահաղորդման մասի՞ն ես հարցնում,– անվստահ մրմնջաց Թևիկը։

–Ի՞նչ հեռուստահաղորդում, ինչի՞ մասին ես խոսում,– զարմանքով հարցրեց Հարութն ու հանկարծակի հիշելով կենտրոնական հեռուստատեսությամբ տրվող հայտնի հաղորդումը՝ ''ով, ինչ, որտեղ'', ձեռքերով ծածկեց դեմքը՝ ծիծաղը թաքցնելու համար։

–Ո՞վ էր ամրացնում, և ու՞մ դիրքերն էր ամրացնում,– դեմքը Թևիկից շրջած՝ կրկին խստորեն հարցրեց Հարութը։

–Դե, ինչպե՞ս թե՝ ով։ Նա էլի… Ինչպե՞ս էր անունը…-Թևիկը նայեց քրոջ կողմը. ''Սա՞ ինչ է նստել այստեղ''։ Նա փորձում էր խույս տալ ուղղակի տրված հարցից։– Սպասիր, ես այստեղ մի քիչ բաց եմ թողել։

–Դե՞հ։

Թևիկի շուրթերը շարժվում են, բայց պատասխան չկա, և նա հանկարծ արագախոսում է.

–Ցուցարարները լոզունգներով, դրոշներով, կարմիր տրանսպորանտներով գնում էին դեպի քաղաքապետարան։

Հարութը թոթվում է ուսերը։

–Կարմիր տրանսպորանտներ ո՞վ էր տանում։ Դու՞։

–Ե՞ս,– ձեռքը տանելով կրծքին, ստորին շուրթը կախ, նա տարակա հայացքով նայում է Հարութին։

–Տրանսպորանտների մասին այնտեղ խոսք չկար։ Ասել եմ քեզ՝ ուշադրությունդ մի շեղիր՝ ոչ ձախ, և ոչ էլ աջ, այլ առաջ, դեպի նպատակը։– նա հառաչում, ավելացնում է.– Լավ, այդ տեղը նորից եմ կարդում։

Թևիկը փորձում է արդարանալ.

–Դու շատ տարօրինակ ես, Հարութ, աստված վկա։ Դու ինձ քե՞զ հետ ես համեմատում։ Չէ՞ որ ես հիվանդ եմ։

–Գլխից,– արագ վրա է բերում Հարութը, անթաքույց ժպիտով։

–Ինչու՞ գլխից…Ոտքից։

–Որովհետև չես ուզում պարապել։

–Ո՞վ չի ուզում։ Ուզում եմ։

–Հաստա՞տ։

–Հաստատ։

Հարութը մի կողմ է դնում տետրը։ Նրա աչքերը մանրանում են և ապակիների տակից առկայծում են չոր ու անբարյացակամ։

–Ահա և մենք պայմանավորվեցինք վերջնականապես։ Անուշիկ, կարո՞ղ ես մի րոպեով մենակ թողնել մեզ,-դիմելով Անուշին, ասում է Հարութը։-Մեզ լուրջ կերպով բացատրվել է պետք։

Անուշը հնազանդորեն ելնում , մտնում է ննջասենյակ։ Սակայն նա չի հեռանում, մնում է դռան ետևում կանգնած։

–Ահա թե ինչ կասեմ քեզ, Ասրիյան…

Անուշը Հարութի ձայնը լսում է հստակ ու շատ պարզորոշ կերպով։

–Ինձ տղաներն ուղարկել են քեզ մոտ ոչ նրա համար, որպեսզի ծալապատիկ նստենք ու ճակատներս գետնին խփելով օրական հինգ անգամ նամազի արարողություն կատարենք վիրավոր ոտքիդ, այլ, որպեսզի քեզ հետ միասին պատրաստվենք քննության, որը քեզ համար հույժ կարևոր է և անհրաժեշտ։ Կարևոր և անհրնժեշտ՝ հասկանալի՞ է։ Եվ դրա համար ես պատասխանատու եմ տղաների առջև և բոլորովին էլ մտադիր չեմ քո պատճառով կարմրել նրանց մոտ։ Հասկանու՞մ ես, ես խոսք եմ տվել և պարտավոր եմ կատարել իմ խոստումը… Դու ասում ես, որ հիվանդ ես,-շարունակեց նա,-որ բարձր ջերմություն ունես։Երկու ժամ առաջ ես ապուշային կատակերգություն խաղացի այստեղ, որ դու ոչ մի ջերմություն էլ չունես, և ես մինչև հիմա սուր ամոթ եմ զգում դրա համար։ Ահա, ուրեմն, թե ինչ կասեմ քեզ. քո ջերմությունը ոչ թե 37 ու 3 էր, այլ ուղիղ 38։ Բայց դու կարող ես պարապել, քո մեջ բավականին դիմացկունություն կա դրա համար, եթե իհարկե, ուզենաս։ Իսկ դու քո հիվանդությամբ կոտրատվում , սուրբ նահատակ ես ձևանում։

Հարութը ջղային ճմլտեց հանգած գլանակը և, ուղիղ նայելով Թևիկի աչքերի մեջ, շարունակեց.

–Ես առանց այն էլ հավատում եմ, որ դժվար է քեզ համար։ Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ իսկապես հեշտ չէ պարապել ջերմության մեջ։ Բայց բոլոր դեպքերում, Թևիկ, ես այստեղից չեմ գնա և պարապմունքը կիսատ չեմ թողնի։ Դա իմ բնույթին չի բռնում… Տերյան սիրու՞մ ես,– անսպասելի հարցրեց Հարութը։

–Սիրում եմ. ''Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց…'':

–Դե, եթե սիրում ես, -նրան ընդհատեց Հարութը, -ուրեմն իմացիր, որ նա այսպիսի տողեր ունի՝ ''Որքան մութը խոր, ես՝ այնքան համառ''։ Իմ մասին է ասված։– Նա քիչ լռեց, ավելացրեց.-Եվ մի մոռացիր, կան բաներ, որ ավելի բարձր են, քան իմ ինքնասիրությունն է։ Այնպես որ, քեզ հավաքիր, չպետք է մոռանանք, որ մեր առջևում վերջին քննությունն է մնացել և այն պետք է հաջողությամբ հանձնել՝ ինչ էլ որ ուզում է լինի։– Նա դարձյալ քիչ լռեց, ասաց.– Համաձա՞յն ես ինձ հետ։

Թևիկը քիչ դանդաղեց, այնուհետև ասաց.

–Համաձայն եմ։

–Ուրեմն առաջ անցնենք… Ցույցերի մասին նորից եմ կարդում։

Անուշը հեռացավ դռնից, դանդաղ մոտեցավ լուսամուտին և սկսեց նայել դուրս։ Նա երանությամբ հիշեց, որ վաղը, կյանքում առաջին անգամ, պետք է գնա աշխատանքի։ Հեռվում, ալիքավոր մշուշների մեջ ուրվագծվում էին սարերի վերձիգ կատարները։ Այդ սարերից ու մշուշներից վեր, իրիկնային բարձր երկնքում սպիտակ ամպակտորներ էին լողում։ Երբեմն իրիկնային ժամերին Անուշը սիրում էր այդպես կանգնել բաց լուսամուտի առջև և նայել հեռուն, ուր կանաչ, ծաղկուն սարեր են, արևի հանգչող շողերից փայլատակող տանիքներով մենավոր գյուղակներ՝ այս ու այնտեղ, ոլորուն ճանապարհներ, որ բարձրանում, գնում, կորչում են այդ գյուղերի մոտերքում։

Ներքևում, բակում, երեխաներ են խաղում, և նրանց ուրախ, զնգուն ձայները ժամանակ առ ժամանակ մարում են փողոցով անցնող մեքենաների հռնդյունում։ Անուշը կրկին նայեց հեռավոր սարերի կողմը, որոնց ուղղությամբ բարձր , շատ բարձր լողում էին այդ ամպակտորները։ Այդ ամպակտորներից մեկը՝ անսահմանորեն սպիտակ, ձյունաճերմակ, փետրաթեթև սահում էր միայնակ՝ ինչպես սառցակտորը անեզր օվկիանոսում, երբեմն առ երբեմն աննկատելիորեն ձևափոխվելով, սակայն մնալով ջինջ ու թափանցիկ ու մի քիչ էլ տրտում, երևի, այն բանից ,որ շատ էր պուճուրիկ ու միայնակ՝ այդ հսկայական երկնքում։

Գլուխը բաց լուսամուտափեղկին հակած, Անուշը փակեց աչքերը, ձգտելով հիշողության մեջ վերականգնել ոչ այնքան հեռավոր այն օրը… ,,Երբ ահա այսպես սիրում ես… Շատ խորունկ կերպով սիրում ես…''։ Իսկ ինքն այնպես կոպտորեն… Ոչ, դա չէ… Հետո նա նստել էր և մատներով ուժեղ շփում էր քունքը… ''Առավոտվանից ցավում է գլուխս'', ասաց։ Անուշը բացեց աչքերը, նրա հայացքը ընկավ նամակին, որ այդպես էլ չէր ուղարկել ընկերուհուն, և այն հիմա ընկած էր սեղանին։ Մեքենայորեն, համարյա առանց ըմբռնելու բառերի իմաստը, նա այդպես հեռավորության վրա աչքերը սահեցրեց տողերի վրայով…''Բոլոր առարկաներից ստացա ''հինգ''…Ինձ ընդգրկել են դրամատիկական ինքնագործ խմբում… Գլխավորն ասաց, որ ավարտելուց հետո կվերցնի իր մոտ… Թևիկի ոտքը սաստիկ ցավում է, որովհետև նորից վերքը բացվել է… Հյուրախաղերով մեզ մոտ է Սունդուկյանի անվան թատրոնը…''։ Եվ հետո՞… Անուշը նամակի առաջին էջն անգամ մինչև վերջ չկարդաց. այն, ինչ դեռևս առավոտյան նրան թվում էր շատ կարևոր, նշանակալից, այժմ անհետաքրքրական էր նրա համար՝ համեմատությամբ այն բանի, ինչ նա զգում էր հիմա, այս րոպեին։ Եվ նրա փխրուն ու փոքրիկ սիրտը հանկարծակի նվաղեց, թրթռաց մինչ այդ անհայտ ու շատ ըղձալի ինչ-որ բանից, իսկ թե ինչ էր դա՝ նա ոչ մի կերպ ըմբռնել, հասկանալ չէր կարողանում։ ''Հարկավոր է նայել Ջեսսիկա Ալբայի այդ հոլովակը'',– մտածեց Անուշը, ''…անչափ գեղեցիկ է… դու շատ ես նման նրան…''։ Զարմանալի է, իսկ որտե՞ղ է նա ինձ տեսել վազելիս։ ''…Վազելիս նրա մազերը ծածանվում են ուսերին…ճիշտ քո մազերի նման, երբ վազում ես…''։ Հիշեց, այն օրը կինոյից ուշանում էին, Արփենիկի հետ վազելով անցան փողոցը։ Իսկ նա որտե՞ղ էր այդ ժեմանակ՝ հետաքրքիր է։

Անուշը մեկնեց ձեռքը և վերցնելով նամակը, երկու անգամ ծալեց ու պատռեց միանգամից։ Իսկ ինչպիսի հաճելի առոգանությամբ արտասանեց. ''Անուշիկ, սիրելիս…''։ Հիմա նա իրեն այդպես չի դիմի երևի: Այն, ինչ ասել է, մոռացել է արդեն:      Անշուշտ մոռացել է:       Նա բարձրացրեց աչքերը և վախեցած նայեց ետ՝ փակ դռան կողմը։ Մյուս սենյակից նրան էին հասնում նույն սահմռկուն, անտարբեր թվացող հնչյունները…

Անուշն արագ ցած թռավ լուսամուտագոգից, համարյա վազելով անցավ ննջասենյակով, բացեց դուռը և , հենվելով դռան կողափայտին, մնաց այդպես կանգնած։

–Ի՞նչ է եղել,-հարցրեց Թևիկը։

–Ոչ մի բան, ես ձեզ չեմ խանգարի…ինձ համար տխուր է մենակ։

–Զբաղվիր որևէ գործով, և քեզ տխուր չի լինի,-խորհուրդ տվեց Հարութը։

Նրա տոնը դարձյալ անտարբեր ու չոր թվաց Անուշին և ցավագնորեն կծկվեց նրա սիրտը։ ''Ախր, ինչու՞ այդպես, Հարութ,''-հազիվ չասաց Անուշը։

Որտեղի՞ց կռահեր Հարութը, որ Անուշն ինքն անգամ չգիտակցելով դա, եկել էր, որպեսզի, նրա աչքերին նայելով, հասկանար՝ առաջվա պես սիրու՞մ է նա իրեն, թե ոչ։

Անուշը վհատ տրամադրությամբ շրջվեց ու գնաց իր սենյակը։ Նրա շուրթերը դողում էին։ Չհասնելով լուսամուտագոգին, նա ակամա նստեց մահճակալին և նրա սևորակ աչքերը միանգամից լցվեցին ջինջ արցունքներով։

Նա դեռ չգիտեր, չէր հասկանում, որ առաջին սերն այդպես շուտ չի մոռացվում…

===========

Ա Ն Ց Ո Ղ Ի Կ Մ Տ Ք Ե Ր

** Մեծ տառապանքը տանում են լռին, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում:

** Մենությունն ահավոր է, բայց առավել ահավորը՝ այրող մտքերն են մենության մեջ:

** Որևէ մեկից բաժանվելիս՝ չենք մտածում երբեք, որ կարող է այլևս չտեսնենք նրան։

** Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։

* *Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։

** Ամենաստոր հատկությունը մարդու մեջ՝ երբ մի վատ արարքից հետո մոռանում ես նրա բոլոր լավությունները:

** Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։

** Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։

** Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։

** Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։

** Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։

** Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։

** Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։

** Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։

** Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։

** Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։

** Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ։

** Ծնող պիտի դառնաս՝ ծնողի գինն իմանաս ։

** Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն բան:

** Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում ուրեմն։

** Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։

** Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։

** Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։

** Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։

** Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։

** Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։

** Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։

** Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։

** Լռությունդ հնարավորություն է տալիս քեզ՝ խուսափելու շատ պրոբլեմներից:

** Ամենավատ հատկությունը մարդու մեջ՝ երբ մի սխալի համար մոռանում ես նրա բոլոր լավ արարքները:

** Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան։

** ժպիտը միջոց է՝ հարթելու բազում խնդիրներ:

** Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։

** Անհնարին է կորցնել այն, ինչ գոյություն չունի:

**Հեռու վանիր այն մտքերը, որ տխրություն են բերում սրտիդ:

**Կան կանայք, որոնց հետ միասին ապրում ենք, կան կանայք, որոնց համար ապրում ենք, կան և կանայք, որոնց հանդիպելուց հետո՝ նոր միայն հասկանում ենք, որ սկսում ենք ապրել ինչպես պետքն է:

** Հիմար մարդու խոսքը ցերեկը գործդ կխափանի, գիշերը՝ քունդ։

** Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմնա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։

** Լռիր, երբ գորտերն են կրկռում։

** Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։

** Երբ անկարող ես ասելու «Ոչ», քո «Այոն» ոչ մի արժեք չունի:

** Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։

** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։

** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։

** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։

** Շատ գործ անողը քիչ կխիսի:

** Արդար մարդուն թշնամի շատ կլին։

** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։

** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։

** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։

** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։

** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։

** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։

** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս։

** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ իր արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։

** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։

** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:

** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։

 

** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ, որդին՝ կնոջ:

** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։

** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս։

** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։

** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։

** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:

** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից…

** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։

** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։

** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։

** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։

** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։

** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։

** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։

** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։

** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։

** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։

** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։

** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։

** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։

** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։

** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։

** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…

** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։

** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից:

** Հնուց անտի՝ անհասկացող մարդու ձեռքին հասկացողը տանջվել է միշտ։

** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։

** Դաստիարակությունը աղջկան խելամիտ է դարձնում, համեստությունը՝ գեղեցիկ:

** Լռությունը գերադասելի է, քան դատարկ խոսքդը:

** Աղքատության ծովն ընկածը ձեռքը ալիքին կմեկնի:

** Ձուածան հավը չեն մորթում:

** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։

** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։

** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։

** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։

** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։

** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։

** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։

** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…

** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։

** Կյանքն ընդամենը երեք օր է՝երեկ,այսօր,վաղը. երեկն անցել է, այն չես փոխի այլևս, վաղը դեռևս չկա, ձգտիր այնպես ապրել՝ չփոշմանես այսօրվա համար:

** Լավ բաների մասին մտածիր, որ լավ լինի ամեն ինչ:

** Մի դատիր նրան, ով խոսքը ճակատին է ասում. այդպիսիները հետևից չեն խոսում:

**Կարողացիր ներել. իդեալական չէ ոչ ոք:

** Թե որ գնալդ չեն նկատել՝ զուր էիր մնացել:

** Տղամարդուն ոչնչով չես պահի՝ փոխադարձ բուռն սիրով միայն:

** Մի վախեցիր թշնամուց՝ ընկերոջից վախեցիր. ընկերներն են մատնում և ոչ թշնամիները:

** Սրտանց սիրողը ուրիշին չի նայի:

** Խոսքիդ արժեքը ասացիդ մեջ չէ, այլ արածիդ:

** Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից։

** Ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։

** Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը:

** Երկու բան են մարդուն բնորոշողը. պահվածքը, երբ ամեն ինչի տեր է և դիմացկանությունը, երբ ոչինչ չունի այլևս:

** Ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։

** Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ էլ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորի, հանդ ու աղբյուրների կարոտը չայրի քո հոգին:

** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։

** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։

** Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։

** Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։

** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:

** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն։

** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ – Ժամանակը միայն։

** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։

** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես… Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ, տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։

** Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։

** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։

** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։

** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։

** Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։

** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։

** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։

** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։

** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։

** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։

** Ծնողի մահն սկսվում է այն օրվանից, երբ մոռացության է տրվում զավակի կողմից

** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք հետ չի պահում քեզ։

** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։

** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։

** Դարձիր արմատներիդ, ճանաչիր տեղդ՝ տես ով ես, որտեղից եկար և ուր ես գնում։

** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։

** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։

** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես։

** Սիրտ գիշատող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։

** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։

** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։

** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։

** Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։

** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։

** Մեր անցած կյանքից մենք ոչինչ– ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։

** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։

** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։

** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։

** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։

** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։

** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես գետի խորությանը։

** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։

** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։

** Աղքատի հույսը Աստվածն է, հարուստինը՝ սատանան։

** Ով ասես՝ հիմար մտքեր չունի գլխում, բայց նա է խելոքն՝ ով չի արտահայտում դրանք։

** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։

** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։