Kostenlos

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

Text
0
Kritiken
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

–Իսկ քեզ անպայման նպատա՞կ է պետք,-մռայլադեմ ու բամբաձայն վրա բերեց Թևիկը։

–Իհարկե։ Նույնիսկ ամենահասարակ շարժումն անգամ արվում է որոշակի նպատակով։ Ես քայլում եմ, որպեսզի առաջ շարժվեմ։ Չէ՞ որ ես քայլեր չեմ անի, երբ նստած եմ աթոռին։

–Դե լավ, ասենք թե իմ նպատակն այն է, որպեսզի էսթետիկական հաճույք պատճառեմ… ինքս ինձ։

–Հասկանալի է,-գլխով արեց Հարութը,-չնայած ''էսթետիկականը'' մի քիչ շատ է վերամբարձ հնչում։ Այդ դեպքում չարժեր, ուրեմն, այն կարդալ ոչ ինձ, և ոչ էլ տղաներին։ Եթե մալարիային գետակն այդպիսի ''էսթետիկական'' հաճույք է պատճառում քեզ՝ դա քո գործն է, իսկ ես բանաստեղծական ոչ մի բան չեմ տեսնում այդտեղ, ինչպես որ չեմ տեսնում նաև քիչ առաջ կարդացած քո այդ ոտանավորում։ Սիրտ չկա մեջը, սիրտ ու նոր խոսք։ Աստվածաշունչն ասում է. ''Այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում''։ Հասկանու՞մ ես միտքը… կարճ՝ միտքն այն է, որ կանչվածները բազում են, ընտրյալները՝ սակավ։

Անուշը, գիրքը մի կողմ դրած, վաղուց էր արդեն ունկնդրում նրանց վեճին։ Հարութը շրջվեց նրա կողմը, հարցրեց.

–Անուշիկ, ասացեք, խնդրեմ, մի՞թե ճիշտ չեմ ես։

Անուշը հասկանում էր, իհարկե, որ ճշմարիտը նա է, բայց նրա համար տհաճ էր հենց այն, որ նա էր ճիշտը և ոչ Թևիկը, և, բացի այդ, նա վիրավորված էր եղբոր համար, որի բանաստեղծական ակնհայտ շնորհքին ինքը անվերապահորեն հավատում էր մինչև այսօր։

–Ես գրող չեմ, ինձ ինչու՞ եք հարցնում,– ասաց նա սառը։

Հարութը տարակուսանքով նայեց նրան։ Անուշը կարմրատակեց և, շրխկոցով փակելով գիրքը, վրդովված գնաց ննջարան։

Թևիկը, ձգտելով մեղմել ստեղծված անհարմար վիճակը, մրմնջած հազիվ լսելի.

–Դե, տասնհինգ տարեկան աղջիկն ի՞նչ է հասկանում… Ուշադրություն մի դարձրու։

Շուտով Հարութը գնաց։ Նրան ճանապարհ դնելուց հետո Թևիկը մտավ քրոջ մոտ և սկսեց նախատել նրան.

–Ասա տեսնեմ, դու մարդկանց հետ խոսելը ե՞րբ ես սովորելու։

–Իսկ ի՞նչ եմ արել որ…-զարմանքով ու դեռևս վրդովված ասաց քույրը։– Դու, ինչ է, ուզում ես որ ես աչքունքով ծամածռություննե՞ր անեմ նրա առաջ։

Թևիկը մնաց ապշած։

–Դու հիմա՞ր ես, ինչ է… Մամայի արև, դու խելքդ թռցրել ես… Մինչև ե՞րբ պետք է քո պատճառով անհարմար դրության մեջ ընկնեմ ես։ -Իսկ ինչու՞ ես անհարմար դրության մեջ ընկնում։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, ամեն մարդ իր սեփական տեսակետն ունի, իսկ, եթե նրան դուր չի գալիս, թող այլևս չգա։– Անուշը քաշեց գրասեղանի արկղը, ինչ-որ տետր հանեց։– Երևակայում է իրեն, պրոֆեսորիս նայեք՝ ''Ամենահասարակ շարժումն անգամ արվում է որոշակի նպատակով''։

–''Որոշակի նպատակով'',-ակամաբար կրկնեց Թևիկը։-Իսկ դու գիտե՞ս, որ նա պրոֆեսորից պակաս չգիտի, և որ դպրոցը ոսկե մեդալով է ավարտել։ Ընդունելության ժամանակ ընդամենը մի քննություն հանձնեց։-Նա բարկացած նայեց քրոջը։-Իսկ դու գիտե՞ս, որ նա հերոս է, -հանկարծ պոռթկաց Թևիկը։

–Հերոս է…-ետ շրջվելով, ծաղրական տոնով նետեց Անուշը։-Ինչի՞ հերոս է։ Մալարիայի դեմ պայքարի՞։

–Հիմար-հիմար մի խոսիր։ Իսկական հերոս է։ Մոնթեի գումարտակում է կռվել։ Հենց Մոնթեի հետ։ Իսկ Մոնթեն, իմացած եղիր, ամեն մարդու իր մոտ չէր վերցնի։ Կոմիտաս Հակոբյանն էր շարունակ մոտը և նա։ Տեսե՞լ ես նրա գրպանի ժամացույցը։ Մոնթեի նվերն է։ Հունիսի տասին է նվիրել, զոհվելուց երկու օր առաջ։ Մարտունու շրջանի բոլոր գյուղերը նրանք են պաշտպանել։ Եվ ոչ միայն այդ, Մարտակերտի և Քյալբաջարի ազատագրմանը ևս մասնակցել են։ Էլ չեմ ասում Մանաշիդի, Էրքեջի և Բուզլուխի համար մղված կռիվները։

–Իսկ ինչու՞ ոչ մի վիրավոր տեղ չունի,-արդեն հանգիստ ձայնով հարցրեց Անուշը, մտազբաղ թերթելով տետրը։

–Դու նրան մերկ տեսած կա՞ս,-հարցրեց Թևիկը ու մնաց կարկամած իր անհեթեթ հարցի համար։

Անուշը ծիծաղեց՝ եղբորը նայելով, և ցուցամատը շարժեց քունքի մոտ.

–Թևիկ, դու լրիվ գիժ ես,-ասաց նա, դեռևս ծիծաղելով։

–Այսինքն… ուզում էի ասել… նրա մարմնին համարյա սաղ տեղ չկա, լրիվ սպիներ են… Գլուխս տարար քո հիմար հարցերով։

–Եթե մի անգամ էլ գա, ես դուրս կգամ տնից, որպեսզի չխանգարեմ ձեզ,-եզրափակեց Անուշը, նստելով իր սովորական տեղը, լուսամոտագոգի առջև։

Թևիկը թափ տվեց ձեռքը, ասաց.

–Քեզ հետ գլուխ դնելու համար չուգունի ջղեր են պետք։-Ասաց ու բարկությամբ վառեց սիգարետը։– Դու ոչինչ չես հասկանում։

–Շատ լավ հասկանում եմ։

Էդ էր պակաս, որ Անուշը խոսքի տակ մնար։

Անուշը հաստատ համոզված էր, որ այդ օրվանից հետո Հարութն այլևս չի գա իրենց մոտ։ Թևիկն , իհարկե, քրոջ խոսքերը չէր հաղորդել նրան, և երկու օր անց, Հարութը կրկին եկավ նրանց տուն։

Անուշը մենակ էր։

–Թևիկը տանը չէ,-դռան մոտ կանգնած ասաց նա, առանց տղային ներս հրավիրելու։

–Իսկ կարելի՞ է սպասել նրան… Մենք նախօրոք պայմանավորվել էինք։

Անուշը չգիտեր, որ մի ամիս էր արդեն, ինչ Թևիկը, ուսման հետ միաժամանակ, աշխատում էր։ Մոր համար մենակ դժվար էր, և նա երեկոները ինչ-որ տեղ աշխատում էր։ Հարութը գիտեր այդ մասին և գուցե գիտեր նաև, որ Թևիկն այդ ժամին տանը չի լինելու։

–Մտեք,– ասաց Անուշը։

Հարութն, առանց հանվելու, անցավ սենյակ, նստեց սեղանի մոտ։ Անուշը ցանկացավ թեյի հոգս քաշել, սակայն նա շնորհակալություն հայտնեց, ասաց, որ չի ուզում։

Անուշը նստեց բազմոցի ծայրին և գլխահակ սկսեց ցուցամատով խաղալ թախտին գցված գորգի ծոպերով։ Որոշ ժամանակ այդպես լուռ նստած էին, հետո Հարութը ելավ, մոտեցավ լուսամուտին։ ''Հիմա կսկսի իր դասախոսությունը քաղաքավարության օգտավետության մասին'',-մտածեց Անուշը՝ ներքուստ պատրաստ հակադրվելու։

Հարութը խոսեց թեթև քմծիծաղով, հավանորեն, ակնկալիք չունենալով որև բան լսելու։

–Անուշիկ, սիրելիս, ասացեք, ինչու՞ այդպես անբարյացկամ եք վերաբերվում ինձ։

Անուշը բարձրացրեց հայացքը. նա ինքն էլ կարգին բացատրել չէր կարող ''ինչու'', բայց պատասխանեց հանդուգն.

–Հենց այնպես… Ձեր դեմքը դուր չի գալիս ինձ։

–Զիլ է…Բայց մի՞թե մարդուն կարելի է արհամարհել միայն այն բանի համար, որ նա, ասենք, գեղեցիկ չէ։

–Դա իմ գործն է՝ ում արհամարհել և ում չարհամարհել։

–Ոչ , Անուշիկ։ Դա ոչ միայն ձեր գործն է, դա նաև իմ գործն է։ Չէ՞ որ դուք ինձ եք արհամարհում, հետևաբար, ստացվում է, որ դա միաժամանակ նաև իմ գործն է ։

–Ինչպե՞ս։

–Շատ հասարակ։ Դուք արհամարհում եք ոչ թե ձեզ, այլ՝ ինձ։ Ուրեմն նաև իմ գործն է։ Մի՞թե պարզ չէ։

Անուշը թոթվեց ուսերը։

–Ես կուզենայի ձեզ հետ խոսել այդ մասին,-քիչ հապաղելով ասաց Հարութը:

–Ինչի՞ մասին։

–Ինչի մասին հենց նոր ասացի։

–Ե՞րբ եք ուզում խոսել։

–Հիմա։

–Վախենում եք հետո ժամանակ չունենա՞ք,– մանր ծիծաղեց Անուշը, ուղիղ նայելով տղային։-Ավելի լավ է երաժշտություն միացնեմ։ Դուք երաժշտություն սիրու՞մ եք։

–Սիրում եմ։ Լավ երաժշտությունը միշտ էլ հաճելի է լսել։

–Ժամանակակի՞ց։

–Եվ ժամանակակաից, և՛ դասական։

Անուշը կլոր սկավառակը մտցրեց մագնիտոֆոնի մեջ, և քնքուշ մեղեդին տարածվեց սենյակում։

–Ձեզ դու՞ր է գալիս Շաքիրան,– անսպասելի հարցրեց Անուշը։

–Ոչինչ, վատ չէ երգում։

–Իսկ Ջեսսիկա Սիմպսո՞նը։

–Ջեսսիկա Ալբան ավելի է դուր գալիս։ Նա և լավ է երգում, և անչափ գեղեցիկ է։ Դու շատ ե նման նրան,– անսպասելի եզակի դեմքով ասաց նա։– Նայե՞լ ես նրա վերջին տեսահոլովակը։

Անուշը դանդաղ տարուբերեց գլուխը, զարմանքով զննելով տղային։

–Վազելիս նրա մազերը ծածանվում են ուսերին,– ամոթխած ժպիտով ասաց Հարութը։-Ճիշտ քո մազերի նման, երբ վազում ես։

–Իսկ ինձ որտե՞ղ ես տեսել վազելիս,– նույնպես եզակի դեմքով՝ զգույշ հարցրեց Անուշը, շեղակի նայելով նրան։

–Տեսել եմ,-անորոշ արձագանքեց Հարութը, նույն ամոթխած ժպիտով։

Անուշը կրկին զարմանքով նայեց նրան, այնուհետև ասաց.

–Թևիկը Շերին է սիրում։ Երևի նրա համար, որ հայուհի է։-Հարութին նայելով ժպտաց, չգիտես ինչու, միանգամից զղջալով քիչ առաջվա իր անկիրթ պահվածքի համար։

–Շերը շատ տաղանդավոր երգչուհի է։ Նրա երգերը գերում են ձայնի յուրահատուկ գեղեցկությամբ, կատարողական բարձր արվեստով ու վարպետությամբ։ Նա տաղանդավոր է՝ և որպես երգչուհի, և որպես հանրահայտ կինոդերասանուհի։ Այլապես ''Օսկարի'' չէր արժանանա։

–Իս ես ավելի շատ հավանում եմ Նելլի Ֆուրնանդային։ Չի Լին նույնպես լավ երգչուհի է։ Հատկապես հաճելի է լսել նրա ''Սիրտը''։ Բայց ամենա, ամենա, ամենա շատ, ինձ իհարկե, Բրիտնի Սպիրսն է դուր գալիս։ ''Գիշեր և ցերեկ իմ սիրտը վհատ լոկ քեզ է տենչում'' երգը անտարբեր լսել չեմ կարող։

Հարութը շարունակում էր լուսամուտից նայել դուրս, ուր մանրիկ անձրև էր սկսել։ Որպեսզի թաքցներ հուզմունքը՝ նա խոսեց հանդարտ ու ցածր ձայնով.

–Երբ առաջին անգամ տեսա քեզ ընթերցասրահում… Հիշու՞մ ես, դու զայրացկոտ շրջվեցիր ինձնից… Հետո մեր կուրսի Հակոբի հետ գնացիք պարելու… Թե իմանայիր ինչպես էի նախանձում ես նրան այդ պահին…

Հարութը կանգ առավ։ Հետո հանկարծակի շրջվեց Անուշի կողմը և, ուղիղ նայելով նրա սևորակ աչքերին, որոնց մեջ ինչ-որ ձգող ու շատ հարազատ բան կար, ասաց.

–Դու գիտե՞ս, թե ինչքան ծանր է, երբ ահա այսպես սիրում ես…Շատ խորունկ կերպով սիրում ես, իսկ քեզ ծաղրանքով, քամահրանքով են պատասխանում, և դու չգիտես նույնիսկ, թե ինչու… Չէ՞ որ դու չգիտես ինձ, դու նույնիսկ չկամեցար խոսել ինձ հետ։ Ես գալիս եմ ձեզ մոտ, իսկ դու փակվում ես սենյակում։ Միթե՞ այնքան ատելի եմ ես, որ ինձ նայելն անգամ տհաճ է քեզ համար… Այո, դու կարող ես չսիրել ինձ, դա քո գործն է, բայց հենց այնպես, մարդկայնորեն, հարգալից ձևով, գոնե որպես քո եղբոր ընկերոջ հետ, խոսել կարո՞ղ ես, միթե՞ դժվար է դա։

Եվ նա այդ ամբողջն արտաբերեց այնպիսի մի հուսաբեկ թախիծով, որ Անուշի շունչը կանգ առավ։ Եվ նրա ողջ ''կատաղությունը'', ողջ ''ատելությունը'' միանգամից, ասես հովի մի թեթև շրշյունով, իսպառ չքացավ։ Սիրտը արագ սկսեց բաբախել, շփոթվածության սարսափելի զգացումը ակնթարթապես պարուրեց նրան։ Նա, մի տեսակ վախեցած, մտածեց այն մասին, որ այդ խոսքերից հետո Հարութը կարող է թողնել ու գնալ։ Չգիտես ինչու, ինքը չեր ուզում, որ նա գնար։ Նա անզուսպ ցանկություն ունեցավ պահել նրան, թե ինչու՞ այդպիսի տարօրինակ միտք ծագեց իր մեջ՝ Անուշը բացատրել չէր կարող, բայց այն, որ նա չէր ուզում, որպեսզի Հարութը թողներ ու հեռանար՝ հաստատ էր։ Նա պատրվակ էր որոնում որևէ կերպ պահել նրան, խոսակցության որևէ նյութ գտնել՝ կարևոր թե անկարևոր, նշանակություն չունի, միայն պահեր նրան իր մոտ։

–Դու այստեղ, քաղաքու՞մ ես ապրում,-մի բան ասած լինելու համար հարցրեց Անուշը։-Այսինքն, քաղաքու՞մ ես ծնվել։

–Ուսանողական հանրակացարանում եմ ապրում, բայց ծնվել եմ գյուղում։ Մինչև ընդունվելը նույնպես գյուղում էի ապրում։ Հացի գյուղ՝ լսած կա՞ս։

–Հացի՞,-ժպտաց Անուշը։-Չեմ լսել։ Բայց միթե՞ այդպիսի անունով գյուղ կարող է լինել։

–Ինչու՞ չի կարող լինել, եթե կա։ Վաչագան թագավորը իր նստավայր Պարտավ քաղաքից, որ հիմա կոչվում է Բարդա, եկել էր մեր գյուղ՝ աղջիկ ուզելու։ Աղբյուրի մոտ նա հանդիպում է մեր գյուղացի Անահիտ անունով մի աղջկա, որը անչափ գեղեցիկ գորգեր էր գործում և ինքն էլ չտեսնված գեղեցկուհի էր։ ''Եթե արհեստ ունես, ասում է թագավորին, իմ համաձայնությունը կտամ, եթե ոչ, ուրեմն ամուսնության մասին խոսք լինել չի կարող''։ Վաչագան թագավորին դուր է գալիս նրա իմաստուն խոսքը, հետագայում, արհեստ սովորելուց հետո, նա ամուսնանում է Անահիտի հետ, և այդ օրվանից աղբյուրն այդ կոչվում է Անահիտի աղբյուր։ Հիմա էլ կա այդ աղբյուրը։

 

–Քո ծնողներն այնտե՞ղ են ապրում։

Հարութը քիչ լռեց, ասաց.

–Այո…Մայրս բժշկուհի է, իսկ հայրս կոլտնտեսությունում էր աշխատում, ագրոնոմ էր։ Այս կռվում ռմբակոծության ժամանակ սպանվեց մեր տան բակում…Փոքր քույր էլ ունեմ, վեցերորդ դասարանում է սովորում։

–Իմ հայրը նույնպես զոհվեց… Ավելի ճիշտ, մենք չգիտենք նույնիսկ՝ իրականում զոհվե՞ց նա, թե գերի վերցրեցին, որովհետև շատերին են գերի վերցրել այդ օրը: Ամեն ինչ այնպես միանգամից եղավ։ Բայց մեկ-մեկ լսում ենք, որ, իբր, տեսնող է եղել՝ սպանվել է։ Մի օրվա մեջ մոտ հարյուր մարդ էր զոհվել։ Նույնիսկ պառավ կանանց չեն խղճացել…Երբ պապաս կար, մենք երջանիկ էինք, նա շինարարությունում էր աշխատում, իսկ մայրս՝ Բաքվի Վոլոդարսկու անվան կարի ֆաբրիկայում։ Թևիկը սովորում էր դպրոցում, իսկ ես դեռ փոքր էի։ Բայց ամեն ինչ հիշում եմ, ճիշտ է, աղոտ կերպով, բայց հիշում եմ, փակում եմ աչքերս,-Անուշը մի կիսավայրկյան փակեց երկար թարթիչներով իր աչքերը,-փակում եմ աչքերս և ամեն ինչ, ոնց որ մշուշի մեջ, երևում է. ինչպես էին ռուս զինվորականները մեր շքամուտքի մոտ երկշարք կանգնել, և մենք նրանց արանքներով գնում էինք դեպի մեքենաները, քամի էր, ձնախառն անձրև էր տեղում և շատ ցուրտ էր,նավն եմ հիշում, և այն, թե ինչպես էր փայլփլում ջուրը, թեև արև չկար, և դարձյալ մշուշի մեջ, ոնց որ երազում, տեսնում եմ այն երկու աղջկան, որ իրենց գցեցին ծովը։ Հետո այլևս ոչինչ չեմ հիշում, միայն միտս է, որ նավը շարունակ օրորվում էր, և ես սաստիկ վախենում էի, որ այն կխորտակվի։ Ուրիշ ոչինչ չեմ հիշում։ Թևիկը լրիվ հիշում է։ Չէ՞ որ նա արդեն մեծ էր, երբեմն նստում, մայրիկի հետ խոսում են այդ մասին, ես դա չեմ հիշում, բայց նրանք ասում են, որ երկու հարյուր հիսուն տեղանոց նավում հազար յոթհարյուր մարդ կար, բոլորը՝ ծեծված, բոլորը՝ ջարդված դեմքերով, նավից ետ էին նայում դեպի քաղաք ու լաց էին լինում։ Այդ մասին խոսելիս մայրիկի աչքերը շարունակ արցունքոտվում են։ Թևիկը բանաստեղծություն ունի այդ մասին, ուզու՞մ ես կարդամ։ Կարող է քեզ դուր չգա, բայց ես հավանում եմ։ Մայրիկին նույնպես դուր է գալիս, երբեմն-երբեմն նրա համար արտասանում եմ, և մայրիկը լուռ արտասվում է։ Չէ՞ որ նրա ծնողներն այնտեղ զոհվեցին։ Կարդա՞մ։

–Կարդա,-ասաց Հարութը և ծխախոտատուփից մի գլանակ հանեց։ Բայց չծխեց։

Անուշը ելավ տեղից, աշակերտուհու պես կանգնեց ուղիղ, ձեռքերը սեղմած կողքերին, և արտասանեց.

–''Բաքու''։ Բանաստեղծություն, հեղինակ՝ Թևան Ասրիյան։

Հարութը, նայելով Անուշի մանկականորեն բեմական հուզական կեցվածքին, ճիգով պահեց իրեն, որ չժպտա, միաժամանակ անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ։

–Եթե դուր էլ չգա, միևնույն է, չընդհատես,-զգուշացրեց նա և կարդաց.

Մնաս բարով, Բաքու,

Հարազատ ու սիրելի,

Լուսապայծառ տեսքը քո

Արդյոք, կտեսնե՞նք էլի։

Երկնային դու դրախտ,

Բաքու, Բաքու, վշտալից

Որդիներդ տարաբախտ,

Հեռանում են քեզանից։

Հեռանում ենք մենք տրտում՝

Մեռածներին մեր թողած,

Նրանց ոգին մեր սրտում

Հավիտյանս անթեղած։

Լացակումած հեռանում,

Հեռանում ենք քաղաքից,

Գայլի ոհմակն է ոռնում

Գնացողների քամակից։

Օրորվում է ծովը լուռ,

Հրաժեշտի ծփանքով,

Խոր վշտի մեջ մենք անլուր

Ետ ենք շրջվում արցունքով։

Ետ ենք շրջվում, քեզ Բաքու,

Մի անգամ էլ նայելու,

Չէ՞ որ գիտենք դեմքը քո,

Ավաղ, էլ չենք տեսնելու։

Անուշն արագ նստեց իր տեղը, ասես մեկ ուրիշը կարող էր զբաղեցնել այն, և իր լուսաջինջ աչքերով նայեց Հարութին, որն այդ պահին ուզում էր վառել գլանակը, բայց լուցկու հատիկները, չգիտես ինչու, փշրվում էին մեկը մյուսի ետևից։

–Դու գիտե՞ս, որ սա մեր տունը չէ,– ասաց Անուշը՝ ուրախ, որ խոսակցության թեմա գտավ։

Հարութը գուցե և գիտեր այդ մասին, բայց, այնուամենայնիվ, հարցրեց.

–Իսկ ու՞մն է։

–Մեր հեռու բարեկամներից մեկի բնակարանն է։ Նրանք տասը տարվա պայմանագրային կարգով մեկնել են Գերմանիա։ Մինչ այդ ղարմետաքկոմբինատի հանրակացարանում էինք ապրում… Տան վարձ չենք տալիս, մենակ կոմունալ կենցաղային ծառայությունների համար ենք վճարում։ Տանն ինչ կա՝ նրանցն է, մերը՝ տան հետ միասին, լրիվ մնաց թուրքերին։-Նա մտածեց՝ էլ ի՞նչ նյութ գտնի՝ խոսակցությունը շարունակելու համար։– Մեր Թևիկը գիտե՞ք ինչքան սրտից բարակ է, -ասաց նա։-Ցրտահարված մի ճնճղուկ էր գտել, բերեց տուն, խնամեց, փայփայեց, կտուցը պաչելով կենդանացրեց ու բաց թողեց լուսամուտից։ Ուրախությունից քունը չէր տանում, հետո այդ ճնճղուկը հաճախակի գալիս, լուսամուտի դիմաց, բարդու ճյուղերին նստած, ճտճտացնում էր։ Իսկ Բաքվում մի անգամ գիտե՞ս ինչ է եղել,-Անուշը գլուխն օրորելով ծիծաղեց։-Առաջին դասարան էր գնացել, երկու թե երեք օր չէր անցել, մի հայ տղայի հետ եկավ՝ փոքր, լղար, անունը Վիգեն, փչեիր՝ կընկներ։ Հայրիկս շատ էր սիրում Թևիկին,տեսնում էր թե չէ՝ գրկում, փաղաքշում էր, բայց այդ տղայի մոտ չթողեց, որ հայրիկը գրկի իրեն, պատին քսվելով ետ-ետ գնաց։ Հետո ի՞նչ պարզվեց։ ''Այդ տղայի մոտ ինձ մի գրկիր, ասաց, նրա հայրը նոր է մահացել''։ Պատկերացնու՞մ ես։ Առաջին դասարանում։ Հայրս շատ վշտացավ։ Գիտե՞ք ինչու։ Ասաց՝ ''Այդպիսի սրտով սա ո՞նց է ապրելու այս աշխարհում''։ Մայրս էլ է միշտ կրկնում այդ խոսքը։-Անուշը քիչ հապաղեց, ասաց.-Ուզում եմ աշխատանքի տեղավորվել։

–Ինչպե՞ս,-զարմացավ Հարութը։

–Մայրիկին չեմ ասել դեռ, Թևիկն էլ չգիտի։ Դու էլ չասես, լա՞վ։

–Լավ,-գլխով արեց Հարութը։– Իհարկե, չեմ ասի։

–Արձակուրդներին մարզային հիվանդանոցում սանիտար եմ աշխատելու,-պարզաբանեց Անուշը։– Այդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը դասավանդում է մեզ։ Ես նրան խնդրեցի, և նա չմերժեց։ Նույնիսկ ասաց, որ ավարտելուց հետո կվերցնի աշխատանքի։ Մայրիկիս օգնել եմ ուզում։ Երկու հերթափոխության է աշխատում։ Թող մի հերթափոխության աշխատի։ Ես ոչ մի բանից չեմ խորշում, նույնիսկ բավականություն եմ զգում, երբ մարդկանց օգնում եմ։ Ամեն ինչ կանեմ, միայն թե մայրիկիս հոգսը քիչ թեթևացնեմ։ Նա չի ասում, բայց ես հո տեսնում եմ, թե ինչքան ծանր է նրա համար։

Միառժամանակ նրանք լուռ էին։ Մեղմիկ երաժշտության ախորժալուր հնչյունները շարունակում էին տարածվել կիսամութ սենյակում։ Հարութը կրկին մոտեցավ լուսամուտին, այդպես լռիկ կանգնեց մի պահ։ Նա ձեռափերը մոտեցրեց սառը ապակուն և ապակու պաղությունը դանդաղորեն սկսեց բարձրանալ նրա ձեռքերն ի վեր։ Այնուհետև, նայելով Անուշին, կամացուկ, բայց ոչ այն տոնով, որով իր սերն էր խոստովանել նրան, ասաց.

–Մոռացիր այն ամենը, ինչ ես քիչ առաջ ասացի քեզ։ Պարզապես ուզում էի, որ դու իմանայիր այդ մասին։– Մտքերի մեջ խորասույզ՝ նա սկսեց մատներով շփել ճակատը։

Անուշն ուշադիր նայում էր նրան։

–Ցու՞րտ է քեզ։

–Ոչ…-շշնջաց Հարութը։

–Չեմ լսում։

–Չէ, իհարկե։

Հարութը հազիվ նկատելի ժպտաց։ Նա հեռացավ լուսամուտից և, նստելով իր նախկին տեղը, հանեց ծխախոտատուփը, սակայն դարձյալ չծխեց, այլ սկսեց մատների մեջ ճմրթել գլանակը, հետո ամբողջ ծխախոտը լցրեց մոխրամանի մեջ, այնտեղ գցելով նաև դատարկ պարկուճը։ Մի կարճ պահ երկուսով լուռ էին։ Անուշը վերջապես թողեց իր անդադար խաղը՝ կարմիր նախշերով գորգի ծոպերի հետ, չիմանալով ուր թաքցնել ձեռքերը, ասես դրանք սաստիկ խանգարում էին նրան՝ կողմնորոշվելու, և վախվորած նայեց Հարութին, որը նստել էր, մի ձեռքով հենված սեղանին, իսկ մյուս ձեռքով ուժեղ շփում էր քունքը։

Անուշի սիրտը ճմլվեց նրա տեսքից։ ''Ախր, ինչու՞, ինչու՞ է իրեն տանջում այդպես…''։-Նա պատրաստ էր ներողություն խնդրել իր կոպիտ արարմունքի համար։

–Հարութ, պետք չէ այդպես,-երկչոտ արտաբերեց նա։

Հարութը շփոթված ետ քաշեց ձեռքը։ ''Առավոտվանից ցավում է գլուխս,''-մրմնջաց նա և ելավ տեղից։ Կոճկելով վերարկուն, նա վերցրեց գլխարկը։ Այնուհետև մոտեցավ Անուշին և մեկնեց ձեռքը։ Առանց բազմիցից ելնելու, Անուշը նայեց Հարութին և ձեռքը դրեց նրա մեծ ու տաք ափի մեջ։

–Ցտեսություն , Անուշիկ,-գորովալից ասաց նա։-Մի բարկացիր։ Ես այդ ամենը չէի ուզում ասել քեզ, նախօրոք գիտեի, որ այսպես պիտի ստացվի։ Բայց չէ՞ որ լռելը նույնպես դժվար է։

Ասաց և դուրս եկավ։

Եվ Անուշը, ինքն էլ չհասկացավ թե ինչու, վազելով մոտեցավ լուսամուտին։ Հարութն անցավ փողոցով, առանց իրենց լուսամուտին նայելու։ Սենյակն ասես միանգամից մթնեց, դարձավ անհրապույր ու դատարկ։ Նա վառեց լույսը և իսկույն էլ հանգցրեց. նրան թվաց, թե լամպի այդ պայծառ լույսից կարող է չքանալ իր համար նոր ու միաժամանակ քիչ թախծալի անրջանքը, որ հաճելիորեն համակել էր իրեն և որից նա բաժանվել չէր ուզում։ Երկար ժամանակ այդպես կանգնած, նա մտահույզ նայում էր լուսամուտից։

Անցել էր երկու ամիս։ Այդ ժամանակաընթացքում Հարութը մի երեք անգամ եղել էր Թևիկի մոտ։ ''Գործով'',-ինչպես ինքն էր ասում։ Անուշին վերաբերվում էր զուսպ կերպով, հենց այնպես, կարծես թե նրանց միջև ոչ մի խոսակցություն չէր եղել։ Եվ չնայած այն բանին, որ Անուշը սիրում էր ձեռ առնել բոլոր այն տղաներին, ովքեր դժբախտություն էին ունենում սեր բացատրվել նրան, կամ անհեթեթ նամակներ հղել՝ գրքերից արտագրած սիրո խոստովանություններով, Հարութի հետ նա փորձ անգամ չէր անում որևէ նման բան անել, գիտեր՝ թույլ չի տա։ Նրա մեջ՝ հանդեպ Հարութի ու նրա զգացմունքի, առանձնահատուկ ինչ-որ բան կար, որը բացառում էր միտքն անգամ այդ չարաճճիության։ Անուշը թանկ էր գնահատում նրա սերը։

Ահա թե ինչու Անուշը խռովմունքի մեջ ընկավ, լսելով, որ հիվանդ եղբոր մոտ պարապելու Հարութն է գալու։ Պակաս խռովքի մեջ չէր նաև Թևիկը։ ''Կգա ու հոգիս կհանի,-ոչ չարությամբ, իհարկե, մտածեց նա։-Կսկսի մեծավարի խրատներ կարդալ գլխիս''։ Պարզ է, մտածում էր, Թևիկը , հեգնանքով կխոսի նաև իր բանաստեղծությունների մասին, կամ ինչպես ինքն է ասում՝ ''շինծու ոտանավորների''։ Իսկ ինչու՞ է շինծու, չէ՞ որ ինքը վերարտադրում է կյանքը, պատկերների լեզվով, այսինքն պատկերավոր խոսում է այն մասին, ինչ ինքը տեսնում ու զգում է խորապես։

Այդքան սիրուն

Վեհատեսիլ,

Անմատչելի

Ու նրբիրան՝

Ինչպես բարդի,

Կանգնած ես միշտ

Դու իմ ճամփին։

Ի՞նչն է այստեղ վատ։ Գայանեի մասին է գրված, ձոն է նվիրված նրան, ինքը, ահա, պարզ տեսնում է նրան՝ նրբագեղ, վեհատեսիլ, նրբիրան, ի՞նչն է այստեղ շինծու, ''անգութ Հարութ'', մտքում դիմելով նրան սրտնեղած ասաց Թևիկն ու շարունակեց մտովի.

Այդքան սիրուն,

Սքանչելի,

Գայթակղիչ

Ու կախարդիչ,

Չքնաղագեղ

Ու բարետես,

Վեհասքանչ

Ու նրբագեղ՝

Չեմ տեսել ես

Եվ ոչ մի տեղ…

Ամեն ինչ ճիշտ է, այդպես էլ կա, իսկ նրա անզուգական ժպիտը, երբ բոլորը ծիծաղում էին, իսկ նա միայն ժպտում էր՝ զմայլուն աչքերով ակնդետ նայելով Թևիկին։ Մի՞թե հնարովի որևէ բան կա այստեղ։

Այն օրվանից,

Ինչ քեզ տեսա,

Եվ այն պահից,

Երբ նազանքով

Շեղ նայեցիր

Սև, շողշողուն

Քո աչքերով

Ինձ ծիծաղկուն.

Սիրտս դողաց

Միանգամից,

Միանգամից

Կյանքս փոխվեց։

Այդպես էր, ինք իրեն խոսում էր Թևիկը, ճիշտ այդպես էր, դրա համար էլ թղթերը, պատմաբանասիրական հանձնեց։ Միթե՞ Հարութը սիրտ ունի, կարող է հասկանալ դա, մի՞թե նա բանաստեղծություն է հասկանում։ Նա հիշեց, թե ինչպես ձմռան մի ցուրտ օր (Գայանեն տանը մոռացել էր ձեռնոցները) իր շնչով տաքացրեց նրա մատները, և նրա մատները ցրտից կարմրել ու շատ սառն էին, սառն ու անչափ գեղեցիկ։ Ինքը դա հիշում է։

Քո կազմվածքով՝

Զուտ նաիրյան,

Քո մատներով

       Հանց սրբատաշ,

Պարանոցով

Անչափ ողորկ՝

Հանց մարմարյա,

Քո քայլվածքով՝

Շորորուն ու

Հեզաճկուն,

Ժպիտներով

Գիրգ շուրթերիդ

Չնաշխարհիկ,

Ու դնչիկով

Հրապուրիչ

Ու էրոտիկ-

Խելքամաղ ես

Արել դու ինձ։

Թևիկի աչքերը լցվեցին արցունքներով, և նա չէր փորձում անգամ սրբել այդ արցունքները, նա իր աչքի առաջ տեսնում էր Գայանեին, և սիրտը տրոփում, անկանոն թրթռում էր բերկրանքից։ Հիշեց. կռվի ժամանակ նա մի անգամ տեսավ լուսաբացը լեռների վրա։ Լույսը նոր-նոր էր բացվում, երկինքը արևելքում կարմրեց, հետզհետե շիկացավ, ծառերի կատարները բռնկվեցին ծիրանագույն լույսի հրավառ շերտերով, և սարերի ետևից միանգամից դուրս սահեց արևի հրաշեկ գունդը։ Հետագայում բանաստեղծություն գրեց այդ մասին.

Ելավ արևը սարից

Հրակարմիր շողերով,

Երգը հնչեց աղջկանց՝

Կանաչկարմիր շորերով…

Իսկ այն ժամանակ, հիշում է, հեռվում, կիսաթափանցիկ կապտագույն մթության մեջ մի կարճ պահ ցոլցլաց Թարթառը։ Թարթառից այն կողմ, Հաթերք գյուղից էլ վեր՝ Մռավա սարի գագաթներին նստած ձյունը շողշողաց արևից։ Այս ու այնտեղ, ոչ այն է քիչ այն կողմ, բլրակին, ուր ծաղկած ավելը տարուբերվում էր վաղորդյան սյուքից, ոչ այն է կորնգանի կարմրավառ ալիքվող արտերում ու ոչ այն է մոտակա մարգագետնում, հնչեց արտույտի բյուրեղյա ձայնը, հետո կլկլացրին մարգարտալորերը, գետից այս կողմ դայլայլեց դեղձանիկը, քաղցրածոր երգեցին կեռնեխները, և դա այնքան սրտառուչ, այնքան հուզիչ ու հեքիաթային էր, որ Թևիկը չդիմացավ, ճիշտ հիմիկվա պես՝ աչքերը լցվեցին երանելի սքանչանքից։ Նա երջանիկ էր, որ չզոհվեց երեկ, որովհետև շրջափակման մեջ էին ընկել, ռացիայով օգնություն խնդրեցին, ուրիշ ջոկատներից համալրում եկավ՝ Վոլոդյա Բալայանի ու Նորիկ Դանիելյանի գլխավորությամբ, և իրենք կռվելով դուրս եկան շրջափակումից, նա արտասվում էր գուցե և այն բանի համար, որ, իրոք, չզոհվեց երեկ, չէ՞ որ Իգորի մոր պես՝ իր մայրն էլ չէր դիմանա իր կորստին, չզոհվեց և ահա տեսնում է նոր օրվա լուսաբացը՝ իր բազմերանգ գույներով, կկվի տրտմագին կանչով, դեղձանիկի ու կեռնեխի դայլայլով, արտույտի բյուրեղյա ձենով, մարգարտալորի կախարդական երգով, ճնճղուկների ցաքուցրիվ երամով, որ շրջան կազմած՝ մի երկու պտույտ արեցին ու անցան բլրի վրայով… Թևիկն այս բանաստեղծությունը չի տա Հարութին՝ կարդալու, ոչ միայն նրա համար, որ կարող է ասել ''երկարաշունչ ոտանավոր է'', այլ, որովհետև նա իսկույն կհասկանա, որ Գայանեին է ձոնված այն, նրա մասին է, որովհետև ոչ միայն Հարութը, կուրսեցիներից ով էլ որ կարդա՝ իսկույն կհասկան դա, ախր, ուրիշ էլ ում մասին կարելի է այդպես գրել, եթե ոչ Գայանեի, և Թևիկի միտքը կրկին վերադարձավ Գայանեին, և բաղձալի տողերը՝ նրա մասին, մեղեդու պես վերստին հնչեցին նրա հոգում.

 

Ասա, անգին,

Ի՞նչ անեմ ես,

Որ հասկանաս

Դու իմ հոգին։

Հո չե՞ս ուզում,

Սիրուց գերված՝

Ես խենթանամ,

Եվ ամենուր,

Եվ ամեն օր,

Գիշեր ու զօր,

Նաև պատեհ

Ու անպատեհ,

Արցունքն աչքիս

Անունդ տամ,

Ճամփադ պահեմ։

Ասա դու ինձ,

Ի՞նչ անեմ ես,

Որ ինձ սիրես.

Ախր, շատ եմ

Տարված քեզնով,

Իմ անուշիկ։

Արար աշխարհ

Գնա ման եկ,

Իմ աննման,

Գտիր մեկին,

Որ քեզ սիրի

Նա ինձ նման…

Ինչ-որ մեկը կարճ, սակայն եռանդուն, ծեծեց դուռը։ Թևիկը բանաստեղծությունների տետրը խոթեց ներքնակի տակ, սեղանից վերցրեց պատմության գիրքը, բաց արեց, դրեց կողքին։ Միջանցքում լսվեց Հարութի ծանոթ ձայնը։

–Մի անգամ էլ բարև, Սաթենիկ մորաքույր։ Քնա՞ծ է Թևիկը։

–Չէ, Հարութիկ ջան, քնած չի, -արձագանքեց մայրը։– Քնած չի, ցավը թողնու՞մ է, որ քնի։

–Էհ, Սաթենիկ մորաքույր, մի հավատացեք նրան։ Ձևացնում է,-ասաց Հարութը։ Ձայնից երևում էր՝ կատակում է։ Թևիկը լսում էր՝ բազուկով ծածկած աչքերը։ ''Աշխարհն էլ փուլ գա, չի հավատալու,-քրթմնջաց նա։– Ասելու է՝ ինքնաներշնչում է… Նրա համար ամեն ինչ ինքնաներշնչում է։ Նոր Զիգմուդ Ֆրեյդ է հայտնվել գլխիս՝ իր հոգեվերլուծական տեսություններով''։

–Դե, լավ, ու՞ր է նա՝ մեր ժամանակի հերոսը։

Հարութը ձեռքերը քիչ առաջ պարզած, ետ սանրած սև մազերով, գլուխը թեքած մի կողմի, արագ քայլերով շրջանցելով սեղանը, մոտեցավ Թևիկին, կանգնեց նրա դիմաց։ Եղջյուրե մեծ ակնոցը համարյա զբաղեցնում էր նրա լայն ու կլոր դեմքի կեսը, ապակիների արանքում ասես սեղմելով ոչ մեծ, թեթևակի վեր ցցված քիթը։

–Հը, ինչ է, Թևիկ, պառկած հանգստանում ենք, հա՞,-քիչ փքուն նրա շուրթերը ժպտում են, բայց աչքերը ակնոցի տակից նայում են ուշադիր։

–Ողջույն, Հարութ… Նստիր։

–Վա՞տ ես զգում քեզ։

–Շա՜տ… Հասկանու՞մ ես…ես…ջերմությունս էլ շատ բարձր է…-հոգնած բացատրում է Թևիկը և նրա զսպված թավ ձայնի հնչյուններում ակամայից կեղծության թախծագորով երանգներ են որսվում։ Թևիկը զգաց դա։ Նա անցողակի նայեց Հարութին. արդյոք, նա նույնպե՞ս զգաց։ Չէ, ոնց որ չնկատեց… Բայց չի իմացվի, խորամանկի մեկն է՝ չես խաբի։ Իրեն հատուկ շտապկոտությամբ, Հարութը հանում է ամառային կապույտ կուրտկան, հագցնում է այն բազկաթոռի թիկնակին, մնալով սպիտակ վերնաշապիկով։ Այնուհետև արագ մոտենում է լուսամուտին՝ բացելու լուսամուտափեղկը, սակայն, հիշելով Թևիկի ջերմության մասին, վերադառնում, նստում է սեղանի մոտ, դեմքով ննջարանի կողմը։ Անուշն այնտեղ է։

''Ոնց որ թե տեսավ ինձ'', մտածում է Անուշը, նայելով մինչև վերջ չփակված դռան նեղլիկ անցքին։ Թե չի՞ տեսել։ Ախր, ինչու՞ եմ այսպես վախենում… Հիմա դուրս կգամ և, առանց այլևայլության, կասեմ. ''Բարև, Հարութ, ներիր, զբաղված էի, չկարողացա դուրս գալ։ Եվ վերջ''։ Սակայն շարունակում է մնալ նստած։ Չի ելնում տեղից։

–Իսկ բժիշկն ի՞նչ է ասում,-հարցնում է Հարութը, նայելով Թևիկի այտերի կարմրությանը։

–Ի՞նչ պետք է ասի բժիշկը… Ասում է՝ մոռացիր քննության մասին։

–Ինչու՞,-Հարութն ուզում է հարցուփորձով պարզել, թե կոնկրետ ի՞նչ է ասել բժիշկը։

–Չգիտեմ։

–Եվ դու որոշել ես մոռանա՞լ։

''Վերջ, կպել է ու պոկ չի գալու,-դժգոհ մտածում է Թևիկը։-Մեկ ուրիշին ուղարկեին՝ իսկույն կհասկանար, իմ վիճակի մեջ կմտներ, իսկ սա… հազար հարց է տալու''։

–Ես չեմ որոշել, այլ բժիշկը։

–Իսկ դու՞։

–Ե՞ս։

–Այո, դու։ Դու՞ ինչ ես որոշել։

–Ես ի՞նչ պիտի որոշեմ։ Բժիշկն է որոշողը։

–Դու ես որոշողը, այլ ոչ թե բժիշկը,-խստորեն ասում է Հարութը։

–Դե, ես ի՞նչ…

–Ինչպե՞ս թե՝ ինչ։ Հարկավոր է հանձնել քննությունը։

–Դե, ես ի՞նչ եմ ասում որ,-կմկմում է Թևիկը, մտքում կշտամբելով նրան. ''Ասացի չէ՝ կպավ, պոկ չի գալու''։

–Սկսու՞մ ենք։

–Սկսում ենք,– դժկամորեն արձագանքում է Թևիկը և իր համար ևս անսպասելի, ասում է.-հիմա կսկսենք։

''Հետաքրքիր է,-զարմանում է Անուշը, իսկ առավոտվանից նվնվում էր. ''ցավում է, մեռնում եմ…''։ Նա հեռվից գողունի հետաքրքրասիրությամբ նայում է Հարութին. նրա խստավուն դիմագծերը Թևիկի խոսքերից հետո մեղմանում են։

–Դե, ուրեմն, չարժե ժամանակ կորցնել,-ասում է Հարութը, ձեռքն առնելով կոնսպեկտները։ ''Չէ, հարկավոր է դուրս գալ, մտածում է Անուշը։-Հետո ուշ կլինի, և այնքան էլ գեղեցիկ չի ստացվի''։ Բայց դարձյալ չի ելնում նստած տեղից. ինչ-որ անբացատրելի և բոլորովին ոչ իրեն յուրահատուկ երկչոտություն ստիպում է նրան մնալ իր տեղում։

–Տեղաշորս ուղղենք՝ սկսում ենք։

Հարութը մոտենում է խոհանոցի դռանը։

–Սաթենիկ մորաքույր, տեղաշորը մի քիչ ուղղել է պետք։

Մայրն արագ ելնում է խոհանոցից։

–Մամա, թափ տուր բարձս և մեկն էլ բեր։ Սկսում ենք պարապել։

Մայրը զարմացական մի հայացք է ձգում Հարութին, որի դեմքին բարեհաճ ժպիտ է տարածվում։ ''Ասես ներսից լույս ճառագեց'',-մտածում է Անուշը։

–Այո,– ի պատասխան Սաթենիկ մորաքրոջ զարմացական հայացքին, ասում է Հարութը։-Թևիկի արարքն այսօր պետք է համարել հերոսական։

–Դու էլ այնպիսի բան կասես,– քիչ շփոթված ասում է Թևիկը, այնուամենայնիվ գոհ ընկերոջ տված գնահատականից։ Նա ինքն էլ ուրախ է իր կայացրած վճռից՝ պատրաստվել քննության, ինչ էլ որ լինի, և ինչ-որ տեղ համաձայն է այն մտքին, որ իր քայլն իրոք իսկական տղամարդու քայլ է։

Մայրը մի անգամ ևս նայում է որդուն և նրա հոգում երկու տարբեր զգացում են խլրտում՝ հպարտություն որդու հանդեպ և տագնապ՝ նրա առողջության համար։ Նա գնում է մյուս սենյակ՝ բարձը բերելու։

Անուշն արագ գլուխը խոնարհում է սեղանին՝ գործնականորեն նոր ամսաթիվ դնելով ընկերուհուն ուղարկվող նամակի տակ։

–Դու դեռ չե՞ս ավարտել նամակդ։

''Աստված իմ, ախր, նա ինչու՞ է այդպես ճչում…Միթե՞ չի կարող քիչ կամաց…''։

–Ոչ, ես…ես արդեն վերջացրի, մամա։

Նա ելնում է տեղից և դատապարտվածի պես գնում է կրնկի վրա բացված դռան կողմը։

Հարութը շրջվում է Անուշի ձայնի վրա և բարձրանում նրան ընդառաջ։

–Բարև, Անուշիկ,-ասում է նա մեկնելով ձեռքը, և Անուշը միանգամայն պարզ հասկանում է, որ Հարութն իրեն տեսել է այստեղ գալու հենց առաջին վայրկյանից։

–Բարև, Հարութ… Կներես…Ես…ես զբաղված էի… Նամակ էի գրում ընկերուհուս։ Նստիր, ինչու՞ ես կանգնել։

–Վերջացե՞լ են ձեր քննությունները,-հարցնում է Հարութը և, մի կերպ սքողելով շփոթմունքը, նստում է իր տեղը։

–Էհ, բախտավոր մարդիկ են,-խոսակցությանը խառնվելով, երանությամբ ասում է Թևիկը։ -Իսկ մենք ամբողջ երկու օր պիտի տքնենք։ -Նա կիսապառկած է անկողնում՝ վիրակապերով փաթաթված ծանր ոտքը առաջ մեկնած, մեջքով թիկնած փափուկ բարձերին։

–Ասես Իրանի շահնշահ Փեհլևին լինի,– ծիծաղում է Հարութը, գրպանից հանելով ծխախոտատուփը։ – Ծխու՞մ ես։

–Ոչ։

–Ոնց կուզես։ Միայն, նայիր, հետո չեմ թողնելու։-Նա կոնսպեկտները քաշում է դեպի իրեն և, շրջվելով Անուշի կողմը, անչափ մեղմ ձայնով ասում է.-Իսկ հիմա, Անուշիկ, դու արդեն մեզ խանգարում ես,– և, ասածին ավելի մեղմացուցիչ տոն տալու համար, ավելացնում է,-մենք շատ քիչ ժամանակ ունենք։

Սակայն Անուշը չի էլ վիրավորվում, նա ըմբռնումով գլխով է անում և, արդեն սենյակից դուրս գալիս, իր ետևում լսում է Հարութի ձայնը.

–Այսպես, ուրեմն։ Թեման կոնսպեկտով կարդում եմ մինչև վերջ։ Ինչ կարդացի՝ պատմելու ես։ Հոգնեցիր՝ ասում ես, բայց ավելի լավ կլինի, որ առհասարակ մոռանաս ոտքիդ մասին։

Թևիկը հառաչում է.

–Լավ, լավ… Մի տես ի՜նչ գործնական է դառել։

Վարպետորեն թաքցնելով քմծիծաղը, Հարութը գլուխը խոնարհում է հաստափոր տետրին. նա շատ լավ գիտի, որ եթե նրա հոգու վրա չկանգնես՝ չի պարապելու։

Անուշն իր ետևից ամուր փակում է դուռը։ Հետո մոտենում է գրքերի պահարանին, ծրար է որոնում, որպեսզի նամակն ուղարկի, սակայն չի գտնում։ Այնուհետև վերցնում է Դովլաթովի պատմվածքների ժողովածուն, որ ընկերուհիներից մեկն է վերջերս տվել իրեն կարդալու, և սկսում է կարդալ նրա պատմվածքներից մեկը։ Սերգեյ Դովլաթովի մասին Անուշը եղբորից է լսել, կարդում է անսահման հաճույքով և զարմանում է, որ այդպիսի տաղանդավոր գրողի ստեղծագործությունները արգելված են եղել Սովետական Միությունում։

Մյուս սենյակից հազիվ լսելի, սակայն անդադար հնչում է նույն ձայնը: Հարութի ձայնն է. նա է կարդում։

Դուռը դանդաղորեն բացվում, անաղմուկ ներս է մտնում մայրը։

–Թևիկ ջան, ո՞նց ես, մաման մատաղ, չե՞ս հոգնել։

–Ոչ, մամա,-խոր հոգոցով պատասխանում է Թևիկը։-Մենք ընդմիջումներով ենք պարապում։

Ձայներ լսելով՝ Անուշը դուրս է գալիս իր սենյակից։ Նստելով եղբոր ոտքերի մոտ, մահճակալին, նայում է Հարութին, բայց, հանդիպելով նրա հայացքին, շփոթված ասում է.

–Մեր Թևիկը կեցցես, չէ՞։

Հարութը ժպտում է.

–Բա, ասացի, չէ՞, հերոսական արարք է նրա արարքը։

Սակայն Թևիկի վրա ոչ մի գովեստ չի ազդում այլևս. նա հոգնել է։ Նրա դժգոհ տեսքը զգաստացնում է Հարութին։ Ժպիտը չքանում է նրա դեմքից։ Ընդհանուր տետրից առանձնացնելով շուրջ երեսուն էջ, Հարութը ցույց է տալիս Թևիկին, միաժամանակ գրպանից հանելով անվանական ժամացույցը, որի մասին Թևիկն ասել էր քրոջը։

–Չորսին հինգ է պակաս։ Հինգ րոպե ընդմիջում՝ առաջ ենք անցնում։

Թևիկը չի առարկում՝ անօգուտ է։ Երկուսից հինգ րոպե՝ Հարութի սահմանած կարգն է՝ ոչ մի ավել վայրկյան։ ''Չէ, սա հաստատ հոգիս հանելու է'',-կնճռոտվում է Թևիկը։