Бесплатно

Դանթեական առասպել

Текст
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа
 
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում։
 
 
Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ։
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ1։
Գնում էինք լուռ, չգիտեմ թե ո՛ւր՝
Միշտ նո՛ւյն ծովափով – անվե՛րջ ու անվե՛րջ։
 
 
Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ —
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի —
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե – լինի։
 
 
Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։
Նրան երևի ձիով կբերեն։
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՜նչ արած…
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ – նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն։
 
 
Բարձրանում էի։ Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով։
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։
 
 
Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ։
Երբեք չէր եղել մարմինս – այնքան հեզ,
Եվ ոգիս – այնքան կամքի ուժ առած։
 
 
Ու վատնում էի ճիգերս հետին։
Գագաթը մոտ է – կհասնեմ հիմա։
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։
Բայց ո՛չ… Մեռնողի բնազդով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա։
 
 
Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։
 
 
Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։
Հասել էի ես։ Կես-գիշեր էր ուշ։ —
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ…
 

VII

 
…Կռիվն սկսվեց – անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք – բյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր —
Ու փախչում էին, ու գալիս նորից։
 
 
Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես։
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ։
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար —
Եվ սվինամարտն ահա սկսվեց։
 
 
Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք – ապրելո՛ւ համար, —
Եվ կռվում էինք, և կռվում էինք։
 
 
Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։ —
 
 
Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում։
 
 
Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն։
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։
 
 
Իրիկունն իջավ։ Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան։
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան։
– Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան։
 
 
Իսկ մենք – նենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ։
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ։
Երբե՛ք չէր եղել հոգիս – այնքան խենթ,
Եվ գանգս – այնքան զառանցոտ ու տաք։
 
 
Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ – խարույկներ լափլեզ։
Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային՝
Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես։
 
 
Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում։
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում։
Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ։
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։
 
 
Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
 
 
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք։
 
 
Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն —
Անում են միայն այլանդակ գանգեր։
 
 
Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
 

Другие книги автора