Kostenlos

Ամբոխները խելագարված

Text
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

IV

 
Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։ —
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։ —
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն, —
Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։ —
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։
Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին —
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։
 
 
Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։ —
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե —
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։ —
 

V

 
Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում —
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։ —
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։ —
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք —
Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք։ —
Երազների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգվել էին ուղիները երկաթագիծ։
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի՝
Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին գաղտագողի…
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում —
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում։
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված —
Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված։
 
 
Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
Գնո՜ւմ էին կռվո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։ —