Kostenlos

Ժառանգներ

Text
0
Kritiken
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

Դրանից հետո Արտաշն ու Աննմանը սկսեցին իրենց խաշները արածեցնել մութ անտառների մոտ, խոր-խոր ձորերում և այրերում, ապառաժների տակ: Արտաշը առանց որսի և ոչ մեկ օր տուն չէր վերադառնում, իսկ Հասոն ու Սոնան միշտ զայրանում էին, թե քիչ որս էր տուն տանում: Արտաշը նրանց նախատինքներից ազատվելու, ագահ սրտերը հագեցնելու համար կյանքն ամեն րոպե վտանգի ենթարկած մտնում էր ամենավտանգավոր այրերը, անտառների խորքերը, բարձրանում էր ապառաժների լանջերով և օրեցօր աճեցնում էր տուն տարած որսերի թիվը: Այդ բոլորի մասին ոչ միայն մի գոհունակ նշան չէին ցույց տալիս Հասոն ու Սոնան, այլ Աննմանի հովվության ազատ ժամերին Արտաշի համար գառի բրդից մանած ու գործած բաճկոնն ու շալվարը խլում, հագցնում էին իրենց որդիներին, միշտ ասելով, թե նորից գործե եղբոր համար: Եվ միշտ քույր-եղբայր չէին արժանանում վայելելու իրենց աշխատությամբ ձեռք բերած բարու ամենաչնչին մասն անգամ:

Արտաշի լավ որսորդության, գնդակը ճիշտ նպատակին հասցնելու և աչքաբաց հովվության համբավը տարածվեց ամեն կողմ, ողջ գավառում սկսեցին խոսել նրա ճարպիկության, անվեհերության և արիության մասին: Հասոն թեև Արտաշին երբեք ուրախ երես չէր ցույց տալիս, բայց քրդական շրջանում լիաբերան գովում էր յուր ռայայի գործունեությունը: Արտաշի անվախության համբավը հասավ մինչև Մամոյի ականջը, որին Անթառամի հարազատ որդու այդքան արիաջանությունը մտածության առարկա դարձավ և չէր իմանում, թե ի՞նչ միջոցով մեռցնե նրա սրտի մեջ սնված այդ անվեհեր հոգին:

Ամիրխանենց հանդերը և ագարակները Մամոյի ձեռքն անցնելուց հետո այն բերքը չէին տալիս, տափերից էլ այն նախկին արդյունքը չէր ստացվում: Պատճառը շատ պարզ էր. քրդերը վարուցանք անելու գլուխ չունեին, իսկ անտեր արտերում վարձու մշակների ցանած սերմերն էլ ճնճղուկներն ու մկներն էին ուտում: Գործը այն աստիճանի էր հասել, որ Ամիրխանենց այնքան արտերի բերքը ո՜չ միայն բավականություն չէր տալիս բեգի բազմաթիվ ծառայողներին և ազգականներին, որոնց թիվը տարեցտարի բազմապատկվում էր, այլև գավառի կողոպուտն էլ չբավելով, շատ անգամ Մամոն պարտավորված էր սայլեր, ջորիներ և էշեր ուղարկել հարևան նահանգները՝ փողով հաց գնելու: Արտաշի ժրաջանությունը և աշխատասիրությունը նկատելով, Մամոն նրա ձեռքից խլեց Հասոյի տված հովվական գավազանն ու հրացանը և քրոջ հետ իրենց ավերակ տան մի անդուռ սենյակում զետեղելով, Ամիրխանենց բոլոր հողերի վարուցանքը կատարելը նրան հանձնեց: Արտաշը պարտավորված դեսից, դենից հայրական տան կողոպուտների մնացորդներից հավաքեց մի քանի լուծ գոմեշ, եզ, գութան, արոր, սայլ, շղթա, կաշի և կամաց-կամաց սկսեց մի կողմից աշնան վար անել, գութանի մաճը բռնել և արտերը հերկել գարնան ցանքի համար, մյուս կողմից ուրագն ու կացինը ձեռքին տունը կտոր-փշուր տախտակներով ծածկել, պատրաստել և գարնան հերկի պատրաստություն տեսնել:

Մամոյի բարեկամների, ազգականների, ծանոթների թիվը օրեցօր աճում էր: Ձեռքերը ծոցերին, նրանք անգործ ու անհոգ ուտում, խմում, պատռում, թափում էին և նրանցից ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում, թե իրենց ձրիակերությամբ անելանելի կացության մեջ էին գցում բեգին: Բայց ովքե՞ր էին այդ ձրիակեր ազգականներն ու բարեկամները, ինքը Մամոն էլ չէր իմանում: Առավոտ վաղ հարավից կամ արևելքից մի դերվիշ, մի շեյխ, մի յուլեմա (գիտնական), մի մոլլա կամ մի որևէ էվլիա (երանելի) գալիս էր հետի, կամ էշի վրա բազմած ու իջնում հռչակ ստացած հյուրասեր և կրոնասեր Մամոյի դռան առաջ: Իսկույն ընդունարանի դռները բացվում էին և ընդունում բեգի ներկայության: Հյուրը մեծարվելուց և կերակրվելուց հետո օրհնում էր, մաղթելով բեգին երկնքից ուժ ու կարողություն և է՜լ բարձր փառք: Շա՛տ էր ուրախանում բեգը, երբ որևիցե փողով կամ գույքով նպաստ տալով, ազատվում էր այդպիսի անկոչ աղոթողների ճանկից: Շատ անգամ դրանք պահանջողական ձևով խնդրում էին, որ իրենց հովանավորե բեգը, մի վայելուչ պաշտոն տա և մի կտոր հացի արժանացնե: Բեգը պարտավորված էր այդպիսի դիմողների համար մի-մի պաշտոն, մի-մի աստիճան հնարելով զետեղել իրեն հովանավորությանը հանձնված գյուղերում: Ամեն մի հայ գյուղում արդեն Մամոյի մինիատուր մի-մի փոքրիկ բեգ էր գտնվում՝ թշվառ գյուղացիների օրապահիկ պատառները կտրելու: Շատ անգամ Մամոն ստիպված էր լինում ամիսներով, տարիներով այսպիսի հյուրերին յուր տանը կերակրել, մինչև մի հարմարավոր պաշտոն բացվիլը:

Միայն իսլամական կրոնականների քողի տակ ծածկված հացկատակ տզրուկները չէին Մամոյի դուռը բախողները: Մեջ գիշերին կամ արևագալից քիչ առաջ հանկարծ մի ձիավոր իջնում էր Մամոյի հարեմի դռան առաջ և սաստիկ կերպով բախում այդ մահկանացուներին անմատչելի բնակության դուռը: Ներքինի նեգրը, յուր կոչումից պարտավորված, վեր էր կենում յուր հազիվ տաքացրած անկողնից, քթի տակ հազար ու մի անեծք և նզովք կարդալով, բաց անում դուռը: Հանկարծ ներս էր մտնում ձիավոր չերքեզը՝ սպիտակ սավաններում պատած զոհը գրկումը, ասելով. «Էս էլ գյավուր Խնկոյի աղջիկը»: Թեև բակը միշտ աղոտ լույսով էր լուսավորված, բայց ներքինին, աչքերը ճմռելով, տեսնում էր հրեշտականման գեղանի օրիորդի անմեղ տիպարը: Շատ անգամ զոհը նվաղած էր լինում, գլուխը կախ գցած, սև ունքերի տակ երկար, սև-սև թարթիչներով աչքերը փակված, դեմքը սպիտակ մարմարի նման, տխուր և անշարժ: Երկար և սաթի նման փայլուն մազերը սփռված սավանի վրա, իսկ կիսով չափ բաց, փղոսկրի նման ողորկ և փայլուն կուրծքը հազիվ նկատվելու չափ բարձրանում և իջնում էր: Ներքինին կանչում էր աղախիններին, որոնք իսկույն առնում էին զոհը չերքեզի գրկից և տանում նրա համար վաղօրոք պատրաստված ննջարանը, իսկ առևանգողը դուրս գալով կանանոցի բակից, մտնում էր հյուրանոցը, որտեղ սպասում էր մինչև իրենց խոստացած պաշտոնին հասնելը կամ որոշված գինը վճարելը: Ահա մի հայր, մի լեռնական քուրդ, դուստրը առաջը գցած, յուր ոտքով բերում է զոհը հարեմի զենման սեղանի վրա զոհելու: Քրդուհին ողջ ճանապարհին լացել է, սգացել է յուր անողոքելի վիճակը, աղաչել է հորը, աղերսել է, արյուն-արտասուք թափել, բայց անգութ հայրը յուր դիրքը պաշտպանելու, յուր նպատակին հասնելու համար նախատինքներով ու սպառնալիքներով լռեցրել, խեղդել է նրա ձայնը կրծքի մեջ: Քրդուհին հարեմն է մտնում յուր սիրեկան հովվի տանջանքները ողբալու, յուր վիճակը սգալու, իսկ հայրը սարերի վրա վրանաբնակ հարևան հովիվների ոչխարները համրելու, հարկերը ժողովելու իրավունքն ստացած, վերադառնում է յուր վրանը:

Այսպես ամեն եկող, համաձայն յուր ճարպկության, ուտում, խմում, կողոպտում, տանում էր, ամեն պաշտոնական յուր ձեռքով ժողովածից նախապես յուր առատ բաժինը հանում, վեր էր առնում և ամեն գործակալ ու գործակատար իրենց գրպաններն ու քսակները լցնում, ուռեցնում էին: Ամեն տեղ, ամեն պաշտոնյա միևնույն համոզմունքն ուներ. «Հացի հասել եմ, չուտելը հանցանք է: Մեղրի տիկը դարտկողը պետք է մատները լիզե»:

Անկոչ ու անպետք պաշտոնականների թիվը այն աստիճան շատացավ Մամոյին հանձնված վիճակում, ձրիակերները և հացկատակների հաշիվն ու համարը այն աստիճան ստվարացավ և նրանք այն աստիճան ծանրացան բեգի վզին, որ գիշեր-ցերեկ նրա մտածության առարկա դարձան: Նա կղերի շորերով ծպտյալ շեյխերի, մոլլաների, յուլեմների հետ երկար խորհրդակցելուց հետո նրանց ցրեց յուր վիճակի շրջակա գյուղերն ու ձմեռանոցները, որպեսզի ժողովրդի մեջ հանրագրություններ բաց անեն և խնդրեն, որ իրենց գյուղերի վերահսկողությունն էլ հանձնեն Մամո բեգին: Թեմրանի տերտերին էլ, որի եղբոր ձեռքն էր անցել Քյալաշի քեհյայության պաշտոնը, նրանց ետևից ուղարկեց, որ խրատե և քարոզե, որ բեգի հրամանները կուրաբար ընդունեն, հնազանդին և առանց քննության ստորագրեն առաջարկված թղթերը: Բոլոր հարևան հայ գյուղերը, որոնք ականատես էին եղել Թեմրանի քարուքանդ լինելուն, որի բնակիչների երեք քառորդ մասը արդեն ցրվել փչացել էին, մնացորդների էլ տղամարդիկը, ուժեղ թևերը պանդխտության մեջ տապկվում Էին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի հարկերն ու խարջերը տալ, ստրկությունից ազատվել և հայրենի հողերը գրավականից ազատել: Բայց ի՞նչ կարող էին անել, ձիավորները, շեյխերն ու մոլլաները կրակով ու սրով էին սպառնում անզեն ու անտեր ժողովրդին՝ կնքելու և ստորագրելու արաբերեն տառերով խազմզված մեծ-մեծ թղթերի վրա: Քղիի ղայմաղամը, Արզրումի մեջ Մամոյի հաշվով քեֆեր անող պոլսեցի թուլումբաջին, ամեն միջոց գործ դրեց հաջողեցնելու յուր բարեկամի մտադրությունը, որից պարբերաբար ստանում էր քսակների լիքը-լիքը ծրարներ:

Այսպիսի միջոցներով թեև մեծացան, ընդարձակվեցան Մամոյի իշխանության սահմանները, բայց բազմապատկվեցան նույնպես նրա կարիքները, այնպես որ նրա եկամուտները չէին ծածկում նրա պարտքերը, որոնք օրեցօր անսպասելի կերպով աճում էին և բարդվում: Նա այնպիսի հռչակ ստացավ, որ ոչ միայն պարտավորված էր յուր հրամանները կատարողներին, իրեն շրջապատողներին կերակրելու, հագցնելու, ցանկությունները հագեցնելու մասին հոգալու, այլ նաև յուր հեռավոր ծանոթներին, Քղիի, Արզրումի և Կ. Պոլսի պաշտոնականներին, կրոնականներին, Շամի, Մեդինեի, Մեքքեի իսլամականության մեջ հեղինակություն ունեցող հոգևորականներին էլ նպաստներ հասցնել տարին մի քանի անգամ, որպեսզի յուր կրոնի մասին ունեցած եռանդը ցույց տա և նրանց պաշտպանությունից չզրկվի: Մոլի իսլամական ժողովրդի մեջ մի հոգևորականի աննպաստ քարոզը կարող էր նրա վարկը գցել թե՜ ժողովրդի և թե՜ վարչության աչքում, իսկ այդպիսի դեպքում նա դատապարտված կլիներ դարձյալ մի հյուղում քաղցածության մատնվելու:

Այդ պատճառով ոչ միայն Արտաշի ցանած ու վարած արտերը, Աննմանի տնտեսած եղն ու պանիրը, խաշների հոտը, ձիերի իլխին չէին բավականացնում նրան, այլ նա, միացած յուր գործակալների հետ, այնպես քամում էին թշվառ շինականներին նրանց աշխատություններով ձեռք բերված արդյունքները, այնպես բոլորովին հավաքում, լցնում էին իրենց ամբարները, որ թշվառները մնում էին տկլոր, բոբլիկ, լոկ ցամաք հացի և եղած բույսերի կարոտ: Տարին տասներկու ամիս ծոմ ու պաս, տարին տասներկու ամիս հոգնած, չարչարված, աղի արտասուքները աչքերին, բոցակեզ հառաչանքներով տապակվում էին ալևոր ծերերը, պառավները, մատղաշները և մանկահասները, չկարողանալով իրենց ձեռքով պատրաստված բարու համն ու հոտն անգամ առնել, ոչ թե վայելել: Եվ այդ բոլոր մուտքերը նրա պարտքերը չծածկելու պատճառով, նա պարտավորված էր միանալու զանազան ավազակային և հրոսակային խմբերի հետ, որոնք կողոպտում էին քարավանները, դատարկում էին տները, մերկացնում էին եկեղեցիները իրենց զարդերից, հրդեհելով ավարի էին տալիս վաճառանոցները և մինչև անգամ քաղաքներում և գավառներում ծակում էին պետական գանձարանների առանց այն էլ դատարկ սնդուկները…

Արդեն երրորդ կալոցն էլ անցել էր, Արտաշը երրորդ անգամ էլ յուր ցանածներից պտուղը քաղել և ոսկեհատ ցորենը լցրել էր Ամիրխանենց փառավոր անցյալից մնացած ահագին ամբարները: Նրա երկրագործության կպչելովը նորից կենդանացել էին Թեմրանի հանդերը: Գյուղի մեջ մնացած ծեր, երեխա, կին, աղջիկ, բոլորը ձեռք-ձեռքի տված, իրար արտերը միասին հերկելով, վարելով թեթևացրել էին գործը, անճարի, անօգնականի, որբի ու այրու հողերը մեռելությունից ազատվել էին, և Մամոն էլ, մի քանի անգամ փողով հաց գնելու պատճառով մասամբ խրատված լինելով, մեծ հսկողություն էր սահմանել ցանքերի վրա: Հողերն էլ, մեկ-երկու տարի հանգստացած լինելով, լավ պարարտացել էին, այնպես որ մեկին երեսուն-քառասուն արդյունք էին տվել:

 

Բայց անօգուտ, պետական հարկերը, խարջերը, վաշխառուների պարտքերն ու նրանց տոկոսները բեգին ու պտղին տալուց հետո դարձյալ չարատանջ գյուղացիներին մնացել էր կալի երդոտ ու որոմոտ տկուցքը, որից աղված, շաղված ու թխված դառը հացը, աղած ու թթված բանջարների հետ ուտելով պիտի մարեին, պիտի մարմռեին և գալ տարվա ընթացքում իրենց վիճակը ավելի բարեփոխվելու հույսով անցկացնեին ողջ ձմեռը:

Արտաշի դրությունը թեև փոխվել էր, նա Հասոյի և Սոնայի նախատինքներից և տմարդի հրամանները կատարելուց ազատվել էր, գործում էր յուր խելքի ուժով, առանց ուրիշների միջամտության, բայց դարձյալ կենսական վիճակը անփոփոխ էր մնացել: Նա ոչ գիշերը հանգիստ ուներ և ոչ ցերեկը դադարում, տաժանակիր դատապարտյալի նման աշխատում էր օրական տասնութ–քսան ժամ: Նույն վիճակումն էր և Աննմանը, օր-գիշեր անդադար կթում էր, մակարդում, հարում, քամում, եփում, թափում, լվանում, գործում և պառկած ժամանակն էլ անընդհատ աշխատությունից, հոգնածությունից և ձեռքերի, մատների մորթու ճեղքվածքների ցավից ու կսկծից նվաղում, թմրում էր: Այնքան աշխատանքից հետո այնպես թուլացած էին լինում, որ ո՜չ ուտելու ժամանակ էին գտնում և ո՜չ էլ իրենց հագուստի, կապուստի մասին մտածում: Ոտքի վրա թե կարողանում էին, մի բան ուտում էին, թե ոչ, քաղցած լինելը չէին էլ հիշում, չէին էլ զգում:

Արտաշի աշխատության արդյունքներից, պետական և հասարակական հարկերը տալուց հետո Մամոն սերմն էլ վերցնում էր և մնացորդը երեք բաժին անելով, երկուսը` որպես կալվածատեր ինքն էր վեր առնում և մի երրորդը նրան թողնում, որպես աշխատության մաս: Արտաշը այդ երրորդ մասից պիտի զինվորական, կալվածական, անասնական, արդյունաբերական և մաքսային հարկերը տար, պիտի վարձ տար յուր հոտաղներին, մշակներին, ծառայողներին և հովիվներին, դրանց պիտի կերակրեր, հագցներ, տարին տասներկու ամիս պիտի յուր կողմից հարկ տար բեգին, նրա ծառայողներին, տերտերին, քեհյային, պտղին, աղքատին, այրուն և այլն: Այն լիքը-լիքը ամբարները, որ կալոցից հետո իսկույն լցվում էին և ժամանակավորապես ուրախացնում մատաղահաս մշակին, չանցած մի ամիս դատարկվում էին, մինչև նոր ցանքն ուտելու էլ հաց չէր մնում, այնպես որ Արտաշը նոր ցանքին դարձյալ պարտավորված դիմում էր բեգին սերմացու խնդրելու: Այդ բոլորից հետո բեգը սարքել էր տվել նրա հյուրասենյակը ու պատահական հասարակ հյուրերին և անցնողներից շատերին ուղարկում էր նրա տունն իջևանելու և կերակրվելու…

Արտաշը թեև ինքը միակ արու անհատն էր յուր տան, բայց չորս մարդու զինվորական հարկն էին պահանջում նրանից և առանց խոսեցնելու ստանում էին. մինը հորը համար, որը որպես խելագար կապկպված էր յուր շինել տված բանտում, Մամոյի սարայում, երկրորդը՝ հորեղբոր համար, որ վաղ ժամանակներից Կ. Պոլիս պանդխտության գնացած, ետ չէր դարձած և որի տեղը ոչ ոքի հայտնի չէր, մին էլ յուր կրտսեր մեռած եղբոր համար, որի անունը նեղություն չէին քաշում հարկապահանջները ջնջել ցուցակի միջից: Նա վճարել էր երկու անգամ յուր հովվական տարիներում չվճարած հարկերը, բայց ստացականի մեջ պաշտոնականները միայն ներկա տարվա հարկը գրած լինելով, պարտավորվել էր երրորդ անգամ էլ տալու:

Անչափ էր Անթառամի փափագը յուր զավակներին տեսնելու, գգվելու և գրկվելու համար, բայց ներքինիին, հարեմի ծառայողներին և աղախիններին սաստիկ պատվիրված էր, որ լավ հսկեն, որպեսզի ո՜չ մայրը կարողանա հեռվից անգամ տեսնել յուր զավակներին և ո՜չ որդիքը իրենց մորը: Միևնույն գյուղի մեջ, իրարից մի հարյուր քայլ հեռավորությամբ, ապրում էին սարայի, կանանոցի բանտերում ծնողները, հայրենի ավերակներում զավակները և իրար կարոտով տոչորվում, բայց հնար չէին կարողանում գտնել տեսնելու և հագեցնելու իրենց սրտի ջերմ ցանկությունները: Միմիայն երբեմն-երբեմն երազներով այդ բաղձանքներին հասնում էին թշվառները, բայց կանանոցում Մամոյի ահարկու ձայնը, բանտապետի խրոխտալի աղաղակները, Սուլոյի, Լասոյի գյուղի մեջ գոռում-գոչյունները ընդհատում էին այդ երջանկալի ժամերը, սթափեցնելով քնից վշտաբեկ արարածներին… Այդ հուսախաբ սթափությունից հետո կրկին սգի սև քողը պատում էր նրանց սրտին ու հոգուն և խորասուզում վշտի օվկիանոսում: Բայց աննկարագրելի էր Անթառամի կսկիծը, նրա վշտի ահավորության չափը միայն կարող են երևակայել, ըմբռնել այն միակ որդեկորույս մայրերը, որոնց սիրասուն զավակները իրենց մատաղ հասակում ավարի են մատնվել և գերեվարվել անողորմ թշնամու ձեռքով հեռու աշխարհ: Գորովասիրտ մայրը շատ հեռվից, ավելի երևակայությամբ, դիտում էր յուր դարաքաշ զավակներին, խուլ կերպով լսում էր նրանց վշտալի մրմունջներն ու ողբերը և ավելի բորբոքվում սրտի հատորների կարոտով: Կարծես բավական չէր նրա ամենազգայուն սրտի համար յուր չարատանջ հարազատների տաժանելի վիճակը, բավական չէր սիրելիներից և սրտակիցներից անջատվելը և հարեմի պինդ որմերի մեջ բանտարկվելն ու մղկտալը, բավական չէր սիրելիների աղի արտասուքով աչքերը և արյունլվա վերքերը նկատելը, բավական չէր ամենայն օր անխիղճ բեգից կրած նախատինքները, նրա աղախինների, հարճերի և գերիների անարգանքներն ու արհամարհանքները, նա համարյա թե ամեն օր լսելով նոր-նոր առևանգված և հարեմում գերեվարված փափկասուն և թուլասիրտ արարածների աղիողորմ վայն ու կոծր, ողբն ու աղաղակը, ցավից ու կսկծից մորմոքում էր և վշտի սաստկությունից խելաբժուժ եղած, հարբածի նման ընկնում էր յուր որջի մի անկյունը անշարժ և անզգա:

Անթառամը` Մամոյի հարեմը գերի տարվելուց հետո թեև ամբողջ հինգ տարի էր անցել և ամեն մի տարին վշտաբեկ կնոջ համար դարից էլ ավելի էր երկարել, բայց նա Մամոյին կին չէր դարձել, նա նրան չէր հանձնվել, քրդի բոլոր ջանքերը զուր էին անցել: Ո՜չ աղերսանքը, ո՛չ սպառնալիքը, ո՜չ փաղաքշանքը, ո՜չ նախանձը, ո՜չ ատելությունն ո՜ւ արհամարհանքը և ո՜չ էլ ժամանակը չէին կարողացել ընկճել հաստատամիտ և համառ հայ կնոջը, նա մատակ առյուծի նման, չէ՜ր հպատակվել իրեն հափշտակող դահճին, թեև վերջինս սպառնացել էր մինչև անգամ սրախողխող անել նրա ձագերին: Հուսահատ ջինգյանան չէր իմանում, թե ինչպես յուրացներ խստասիրտ տիկնոջը, որի անհաղթելի կամքը և անզուսպ կիրքը բորբոքում էր յուր սիրտը և անվերջ մտածմունքների ու կասկածանքների մեջ գցում: Նա վախենում էր դիպչել Անթառամի կյանքին, կասկածելով, որ չլինի թե նրա մահվանից հետո ժառանգները դատ բանան և խլեն յուր ձեռքից հափշտակած կայքերը, որոնք կազմում էին յուր հարստության ամենահիմնավոր և ամենաբեղմնավոր մասը:

Մամոյի անվերջ մտածմունքներին զարհուրելի երազներն էին հաջորդում, որոնք սաստկացնում էին Մամոյի երկյուղը, որի ազդեցության տակ նա մի օր գլխատել տվեց Քյալաշին, որին ամբողջ հինգ տարի իբրև խելագար տանջել էր նրա շինել տված բանտի խորքերում: Քյալաշ քեհյան յուր բանտարկության օրից հետո առանց տեսնելու երկնքի լույսը, առանց կրկին անգամ գրկելու յուր զավակներին, առանց մի անգամ էլ դիտելու Ամիրխանենց այն ահավոր կայքերը, որոնք յուրացնելու համար այնքան նեղություններ էր քաշել, առանց կրկին անգամ ձեռք բերելու քեհյայության մտրակը, որի համար այդ օրին էր արժանացել, մտել էր խավարի անդառնալի պետության սահմանները՝ փնտրելու յուր կրքերին զոհված նահատակներին…

Տարիները իրար ետևից գլորվում էին. բնությունը ինչպես յուր հարկը պահանջում էր հասածներից, այնպես էլ առատապես վճարում էր յուր տուրքը դեռահասներին:

Աննմանը՝ փոքրիկ հովվուհին, արդեն մտել էր յուր տասնևհինգերորդ գարունը: Նա փթթել էր դեռահաս վարդի կոկոնի նման, բարձրացել էր Երիզայի Անահիտին նվիրված մշտադալար անտառի գեղատեսիլ նոճիների նման և զարդարվել Մուրադ գետի ափերում աճող նունուֆարի նման: Բնությունը յուր բոլոր գեղեցկություններով մարմնացել, բնակություն էր հաստատել այդ քնքուշ հրաշակերտի մեջ, որի ամեն մի հայացք, ամեն մի շարժումը, ամեն մի խոսքը խոնարհեցնում էին նրան դիտող աչքերը, ծնրադրել էին տալիս և ձայնը թնդացնում ապառաժի նման անզգա սրտերն անգամ: Թեև հարավի հրատապ հողմերը և կիզիչ արևը նրա ձյունի նման սպիտակ մորթի վրա հովվական տարիներում թողել էին իրենց կնիքը, բայց Աննմանը տնական կյանքում ավելի գեղեցկացել էր, ընդունելով Շիրակի ցորենի զվարթադեմ գույնը: Նրա մինչև կրունկները հասնող սաթի նման սև մազերը, նրա լայն ճակատը, կամար ունքերը, խոշոր աչքերը իրենց երկար թարթիչներով, վարդից էլ կարմիր այտերն ու շրթունքները թովում էին դիտող մահկանացուների աչքերը և գրավում սիրտն ու հոգին: Նրա հետ շնչելը, նրա հետ հառաչելը, նրա ամբրոսական բուրմունքը ծծելը, նրա հետ գրկախառնվելը կարող էր ամենաթշվառ արարածին թևեր տալ և սերովբեական թռիչքներով երկինք բարձրացնել:

Բայց Աննմանի սիրտը փակված էր աշխարհի համար, նա ժամանակից վաղ բռնված էր, գրավված էր և այդ պատճառող շուրջը միայն զմայլմունք ու սրտի խորքերից դառն հառաչանք էր սփռում: Նա, որ ծնողներին կորցնելուց հետո աշխարհի երեսին սերն ու գորովը ամփոփել էր միայն եղբոր՝ Արտաշի վրա, չէր էլ կարողանում բացատրել, թե ինչի այնքան համակրում էր Օհան ամիի կրտսեր որդուն՝ Ավագին, որն արածեցնում էր Սուլոյի ոչխարները, հետևելով Արտաշի ընթացքին: Ավագն ու Արտաշը մի օրվա երեխաներ էին, այդ բանը իրենց ծնողներից շատ անգամ լսած լինելով, թեև եղբոր նման ընկերներ էին դարձել իրար հետ, բայց Արտաշը շատ անգամ յուր մտքում նախանձում էր, երբ նկատում էր, որ քույրը իրեն վրա ունեցած սիրուց բաժին էր հանում նույնպես Ավագին: Սարի լանջերում, պաղ աղբյուրների կողքին, երբ նստում էին իրենց սոխ ու հացով ճաշելու, Աննմանը պարզաբար ասում էր.