Kostenlos

Գրչի հանաքներ

Text
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

Դեպի Մամոնան

 
Մի օր հարց տվի ես Մամոնային.
«Ասա՛, ի՞նչ անեմ, որ քո սեղանին
Ես էլ հյուր լինեմ և հյուր ցանկայի -
Ի՞նչ ճանապարհ ես դու ինձ ցույց տալի»։
 
 
– Իմ ծոցըս գալու կան շա՛տ ուղիներ, —
Ասաց Մամոնան, – ծուռ, ձախ, վար ու վեր…
Եվ ո՛րն էլ ընտրես, իմ սիրած հյուրն ես,
Լոկ շիտակ ուղուց դու դարձրու երես…
 
[1901]

Խելոք խոսք

 
Երբ խելազուրկը խելք է քարոզում,
Լալիկն ուզում է ծաղրել հռետորին,
Բըլբուլի մասին ագռավն է խոսում,
Սոխն էլ «հոտա՜ծ» է կոչում սըխտորին.
Երբ քոռը լույսի դասեր է տալիս,
Էշն էլ ուղտին է գըցում մասխարա, —
Այս խելոք խոսքն է միշտ միտըս գալիս.
«Քաչա՛լ, դեղ ունես, քո՛ գըլխին արա»…
 

Երկու գետ

 
Ահա՛ երկու գետ։ Մեկն հուժկու ու խոր,
Հոսում է զորեղ, բայց ձայն չի հանում.
Մեկելը – ծանծաղ, հոսանքն էլ – անզոր,
Բայց իր աղմուկով ականջ է տանում։
 
 
Խորամիտ մարդն էլ ամեն ազգի մեջ
Գործում է քաջուժ, բայց լուռ ու անտես.
Եվ միայն ցանցառ գործիչն է անվերջ
Բոռում, աղմըկում, ծանծաղ գետի պես…
 

Իդեալ

 
«Իդեալ, իդեա՜լ» ենք գոչում ամեն օր,
Բայց ո՛չ ամեն օր ապրում իդեալով.
Որպես պըճնամոլ կընկա սիրած շոր,
Իդեալն հագնում ենք՝ տեղին նայելով…
 
1901

Ժամանակակից հայ աղջկա ալբոմը

 
Պոետն հավանեց մի քընքուշ էակ,
Նըրան անվանեց երկնային հրեշտակ.
Եվ մի օր ասաց հավնած աղջըկան.
«Ի՞նչ գրեմ ալբոմումդ – վառ սիրույս նըշան»։
 
 
– «Գըրի՛ր, – կույսն ասաց, – միամի՛տ պոետ,
Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ,
Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս,
Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։
 
[1901]

Հայկական կրիտիկա

 
«Գիրքն ստացանք… Էջ չորս հարյուր,
Գինն է աժան, տիպն է մաքուր,
Փլանի գըրած, փստանի տըպած,
Փլան քաղաքումն է լույս տեսած.
Խոստանում ենք ա՛յլ ժամանակ
Խոսել երկա՜ր և ընդարձա՜կ…»։
 
 
Եվ անցնում են շաբաթ, ամիս,
Տարիք գընում, տարիք գալիս.
Իսկ կրիտիկան՝ տե՛ր իր խոսքին՝
Գիրքն է քըննում… Էշի՛ զատկին…
 

Օրիորդ X-ին

 
(Որ խնդրել էր լուսանկար պատկերս՝ մակագրված
որևէ «գրչի հանաքով»)
 
 
Ուղարկում եմ քեզ իմ պատկերն,
Վերան գըրած երկու տող.
«Խենթ հարուստին ծախի՛ր քո սերն,
Խելքը գրոշ է՛, առանց փող…»։
 

Հայ հեղինակի աղոթքը

 
Աստվա՞ծ, չեմ խնդրում քեզնից դափնիներ,
Ճառեր, հոբելյան, ուղերձ, հեռագիր,
 
 
Մականունն էր «եզան գըլուխ»,
Կերած ճաշը – սոխ ու լոշ։
 
 
Տունը – տուն չէր, այլ հավի բուն,
Քընում աղտոտ պուճախում.
Արհեստ չուներ – նա օրն ի բուն
Ձու էր առնում, ձու ծախում։
 
 
Այսօր… Տեսե՛ք, նա մեծ մարդ է
Հա՛մ ապրուստով, հա՛մ շորով.
Ում տուն մըտնի – նա տան զարդ է
Իր լի՜ ջեբով, լի՜ փորով։
 
 
Ասիական կյանքն է ատում,
Եվրոպայով շըլացած,
Առանց լաքեյ հաց չի ուտում,
Սոխն ու լոշը մոռացած։
 
 
Սեյր անելիս փողոցներում
Քիթն է ցըցում միշտ վերև.
Ինքն առաջին չի բարևում,
Բարևներն են բազմաձև՛…
 
 
Պինդ հազում է, բարձըր խոսում,
Հաշվով շարժում ձեռ ու ոտ.
Ուրիշին է խելք քարոզում,
Ինքը խելքի միշտ կարոտ։
 
 
«Երկրի աղն» է իրան կարծում,
Հարգանք, պատիվ սպասում.
Ազգի կյանքում, ամեն գործում
Դեր խաղալ է միշտ ուզում։
 
 
Հոգի՜ն կըտա, որ քիթ խոթի
Հասարակաց գործի մեջ.
Հենց որ խոթեց, տե՜րն ազատի
Անսանձ «ես» – ին չըկա վերջ…
 
 
Բայց ի՞նչի հայ-եվրոպացին
Խոսքի, վեճի բըռնվելիս,
Ա՜յնքան սիրում էշի քացին
Եվ քացի է միշտ տալիս…
 
 
Ի՞նչի… Թե որ լավ միտք անեք,
Հե՜չ չըպետք է զարմանալ —
Փալանը փոխած էշը երբեք
Ազնիվ նըժույգ չի դառնալ…