Kostenlos

Վարդան Ահրումյան

Text
Als gelesen kennzeichnen
Schriftart:Kleiner AaGrößer Aa

– Հետո, էլ ի՞նչ հետո, Մոլլա-Ղանին ապրանքը թալանում է, ձիերի վրա է բարձում ու հայդա՛ փախչում…

Հապա քարվանում մի հատ տղամարդ էլ չի՞ լինում, – գոչեց Մկիչը վրդովված, – վախկոտ ոչխարներ…

Նրա աչքերը հուզումից վառվել էին, այտերը գունատվել, շունչը սաստկացել էր սարսափելի պատմվածքի ազդեցությունից:

– Ես լինեի Աբդուրահմանի տեղը, – մեջ մտավ Մարտիրոսը, – Մոլլա-Ղանիի կերած փլավի մեջ մկնդեղ կածեի, կուտեր ու տեղն ու տեղը կսատկեր…

– Քանի՞ հազար թումանի ապրանք է թալանում Մոլլա-Ղանին, – հետաքրքրվեց Վարդանը:

– Հա՜, շա՛տ, որդի, հա՜, շատ: Ասում են՝ միայն յոթը տոպրակ ոսկի է եղել:

– Ա՜հ, ա՜հ, ա՜հ, – աղաղակեց Վարդանը այնպես, որ կարծես իրեն էին կողոպտել:

– Խեղճ մարդիկ, խեղճ մարդիկ, – գոչեց Մինասը արտասվալի ձայնով, – ինչո՞ւ քնելուց առաջ «Հրաժարիմք» չեն ասել, թե ասեին՝ գիշերը քարվանի շուրջը յոթը շարք պարիսպներ կկանգնեին, ավազակները չէին կարող մոտենալ:

Մի փոքր անցած մանուկները դուրս եկան սենյակից: Մինասի առաջարկությամբ գնացին մերձակա բլուրը, իրանց հետ տանելով հորթին: Քաղաքի ծայրում Մկիչը մի ցանկապատից դուրս քաշեց չորս ցից, ասելով.

– Հարկավոր կգա:

Արդարև շուտով փայտերը հարկավոր եղան: Հազիվ ընկերները բարձրացել էին մերձակա բլրի գագաթը, հանդիպեցին մի խումբ թուրք հասակակիցների: Հակառակի պես այդ պահին գրգռվեց հորթի ազատասիրական բնազդը: Նա խլեց կապը Մինասի ձեռքից և փախավ, պոչը ցցելով վեր որպես թեթևամտության նշան: Նա վազում էր դեպի մի դեղնագույն կով, երևի, կարծելով, թե իր մայրն է: Թուրքերը իսկույն նրան բռնեցին:

– Բա՛ց թողեք, – աղաղակեց Մինասը հեռվից այն հուսահատությամբ, որով միայն մայրը կարող էր պահանջել իր զավակի ազատությունը:

– Եթե կարող ես, ի՛նքդ եկ տար, – խրոխտացին թուրքերը:

Նրանք սկսեցին հորթին չարչարել: Մեկը նստեց նրա մեջքի վրա, մյուսն ականջները բռնած առաջ էր քաշում, իսկ մնացածները փայտերով բզբզում էին: Դրությունը տագնապալի էր. երկուսից մեկը՝ կամ պետք էր հորթին ուժով ազատել, կամ թույլ տալ, որ թուրքերը տանեն նրան: Մարտիրոսը սկսեց հեռվից թուրքերին հայհոյել այնպիսի կեղտոտ հիշոցներով, որ հակառակորդների կրոնական սրբություններն էին պղծում: Թուրքերից մեկը մի քար արձակեց Մինասի վրա, որ ավելի մոտիկ էր կանգնած: Քարը դիպավ նրա ճակատին, որից անմիջապես արյուն հոսեց: Բայց նա երկչոտ չէր, չփախավ և ոչ էլ լաց եղավ:

– Տղե՛րք, շատվոր են, բայց մի՛ վախենաք, – գոչեց քիթը ծուռ Մկիչը, – դուք այստեղ պաշտպանվեցեք, ես իսկույն կգամ…

Ասաց և իսկույն վազեց, անհայտացավ բլրի ետևում: Վարդանն ահից դողում էր և արդեն մտածում էր փախչելու մասին: Մարտիրոսը շարունակ հայհոյում էր:

Հորթին հանձնելով իրենց ընկերներից մեկին, թուրքերը միահամուռ արշավեցին Մինասի վրա: Բոլորը զինված էին թոնրում խանձած, ապակիով հղկած և յուղած փայտերով: Մի քանիսը չուխաները հանել էին և թևերին փաթաթել որպես վահան:

Չնայելով վտանգին, Մինասը չփախավ, նա այնքան էր սիրում իր հորթին, որ պատրաստ էր մինչև մահ կռվել նրա համար: Նա գունատ էր, աչքերը պսպղում էին ածխի վառ կտորների պես, նիհար կուրծքն ուռել էր, արյունը դադարել էր ճակտից հոսալ: Նա մարմնավոր ցավ չէր զգում: Նրա մեջքին, ուսերին, գլխին տեղացին փայտի հարվածներ: Բայց մի քայլ անգամ չնահանջեց, նա թշնամիներից երկուսին շարքից դուրս գցեց փայտի երկու հաջող հարվածներով: Նրա անվեհերությունը կրկնապատկեց թուրքերի կատաղությունը:

Վարդանն ու Մարտիրոսը հեռացել էին և բռնել ապահով դիրք, որպեսզի հարկ եղած րոպեին տմարդաբար փախչեին: Մինասը բոլորովին մենակ էր և տակավին կարողանում էր դիմադրել, աջ ու ձախ պաշտպանվելով: Վերջապես թուրքերը բռնեցին նրան, գլորեցին գետին և սկսեցին ոտնակոխ անել: Խեղճ տղան ցավից ու հուսահատությունից ճչում էր և օգնություն աղաղակում, առանց թուրքերից կարեկցություն աղերսելու: Նա պատրաստ էր սպանվել, բայց ստորանալ՝ երբե՛ք:

Հանկարծ բլրի ետևից հայտնվեց Մկիչն երկու հասակակիցների հետ:

– Ադա հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ, – աղաղակեց նա թուրքերեն և հարձակվեց թշնամիների վրա:

Թուրքերը խուճապեցին, թողին Մինասին գետնի վրա կիսաշունչ: Մկիչը իր ընկերների հետ հարվածները թափում էին նրանց գլխին կարկտի թափով, չթողնելով նրանց ուշքի գալ և պաշտպանողական դիրք բռնել: Վարդանն ու Մարտիրոսը մի փոքր արիացան առաջ վազելու: Այդ վայրկյանին Մինասն արդեն ոտքի էր կանգնել և նորեն զինվել էր փայտով: Թուրքերը ելք գտնելով փախան, բայց հորթը դեռ նրանց ձեռքումն էր, Մինասի միակ հոգսը նրան ազատելն էր:

– Ադա՜, մի՛ վախենար, կազատենք, – գոչեց Մկիչը, վազելով թուրքերի ետևից:

Այս անգամ կենդանին ինքը մտածեց իր ազատության մասին: Գլուխն ուժգին թափահարելով, նա պարանը խլեց իրեն բռնող պատանու ձեռքից և փախավ, պոչը դարձյալ վեր ցցելով, այս անգամ որպես հաղթության դրոշ: Կյանքում նա երբեք այդպիսի խելոք բան չէր արել: Մկիչը վազեց ու նստեց նրա վզին կապած պարանի ծայրի վրա, գոռալով:

– Ադա՛, հուռռա՜ …

Թուրքերին փախցնելով, հորթին ազատելով, փոքրիկ հերոսը հոգնած, հևալով պառկեց դալարազարդ գետնի վրա և սկսեց երգել մի ռամկական երգ, որ ինքն էր հորինել:

Այժմ միայն Վարդանն ուշ դարձրեց նրա երկու օգնականների վրա: Մեկը գանգրահեր Լևոնն էր, նա, որի հորը Աթանեսը ծաղրեց առաջին օրը ուսումնարանի բակում: Մյուսը մի ոտաբոբիկ, կիսամերկ մանուկ էր Սահակ անունով, մեկը այն փողոցային շրջմոլիկներից, որոնց հետ Վարդանին խստիվ արգելված էր որևէ հարաբերություն ունենալ:

– Ես գնում եմ տուն, – ասաց Վարդանը, պարզապես ցույց տալով իր արհամարհանքը դեպի շրջմոլիկը:

– Սպասիր, միասին կգնանք, դեռ օրը չի մթնել, – ասաց Մկիչը հրամանատարի եղանակով:

Սակայն Վարդանը չլսեց նրան և կամեցավ հեռանալ:

– Սպասիր, քեզ ասում եմ, – գոռաց Մկիչը, ոտքի ելնելով, – ես գիտեմ ինչու ես փախչում, չես ուզում Սահակի հետ մնալ, հաա՞, ես քո սովդաքար գլուխը կջարդեմ: Սահակի նման քաջ տղա աշխարհում չկա: Իսկ երգելը եթե լսես, կգժվես: Ադա, Սահակ, մի «Առավոտ լուսո» երգիր, որ աղայի տղան լսի:

Առանց սպասել տալու, Սահակը հենվեց իր երկայն ցուպի վրա և երգեց ոչ «Առավոտ լուսո», այլ մի հովվական երգ այն մեղմ ու դյուրեկան ձայնով, որ հատուկ է մանկությունից պատանեկության մերձեցող մանկանը:

– Հըը, ի՞նչ կասես, տեսնո՜ւմ ես, հավանեցի՞ր, – գոչեց Մկիչը հիացած, երբ Սահակն ավարտեց իր երգը: – Լավ իմացիր մի քաղցր երգող հազար վաճառական արժի: Գնանք, Սահակ, դրանց համար չարժե երգել, գնանք, դու կերգես Մինասի և ինձ համար: Ադա, հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ, – ավելացրեց և, փայտը բարձրացնելով, վազեց բլրից ցած:

Խումբը հետևեց նրան:

Մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը անօգուտ չանցան Աթանեսի համար: Մարտին Բաղդանիչը Վարդանին փոխադրեց երկրորդ բաժանմունք: Հաջորդ դասընթացին Աթանեսը, թեև հայհոյանքներով, կրկնեց իր տուրքը նոր տարի օրը, և Վարդանը հռչակվեց ոչ միայն առաջադեմ, այլև օրինակելի աշակերտ ու «աննման տղա»:

Այն օրը, երբ Վարդանը ստացավ տարեկան վկայականը, ուսումնարանից ուղղակի խանութ վազեց՝ ուրախ լուրը մորից առաջ հորը հաղորդելու: Նա գիտեր, որ այդ բանը նրան դուր կգա, և չսխալվեց. Աթանեսը մի թեթև ապտակ տվեց նրան, այս էր մարդու ամենաջերմ փաղաքշանքը:

– Ի՞նչ ես բաշխելու ինձ, – հարցրեց Վարդանը, որ երբեք ոչ մի ծնողական գուրգուրանք չէր գնահատում առանց իրական կաշառքի:

– Իրիկունը կիմանաս:

Կեսօրից մինչև երեկո – դա մի հավիտենականություն էր տասներկու տարեկան մանկան համար: Վերջապես Աթանեսը տուն վերադարձավ, թե խմեց, կնոջն ու որդուն կանչեց իր մոտ, գրպանից դուրս բերեց մի կաշվե փողաման և, տալով Վարդանին, ասաց.

– Այ ինչ եմ բաշխելու քեզ: Ինչ հիասթափում, միայն այսքա՞նը: Վարդանը քիչ մնաց արտասվեր:

– Չհավանեցի՞ր, բաց արա, տեսնենք:

Այն, ինչ որ Վարդանը գտավ փողամանի մեջ, կարող էր նրան խելագարեցնել, եթե չլիներ այնքան գործնական և ինքնազուսպ:

– Ի՞մս է այս, – հարցրեց նա, – մի հարյուրանոց թղթադրամ դուրս բերելով փողամանից:

– Քոնն է: Հիմա դախլդ բեր, տեսնենք նա ինչ է ասում: Այս անգամ տուփի մեջ երևաց հարյուր քսան ռուբլի:

– Այս էլ քոնն է, գումարը երկու հարյուր քսան ռուբլի է, – ասաց Աթանեսը, – քաղաքի մի ծայրից մինչև մյուսը փնտրես, ոչ մի քո հասակի տղա չես գտնիլ, որ այդքան փող ունենա: Արի, որդի, այս փողերով Մարիամի հարսանիքը կատարենք, – փորձեց նա իր որդու սերը դեպի սեփականությունը, ձեռով բոթելով կնոջը:

Վարդանը, որի ուրախությունը հասել էր իր գագաթնակետին, կրծքի խորքից մի ճիչ արձակեց ու մնաց քարացած, այնքան անսպասելի էին նրա համար հոր վերջին խոսքերը:

– Այո, որդի, – մեջ մտավ Գյուլումը, – թող ուրիշները զարմանան ու նախանձեն, որ դու քո աշխատած փողերով քրոջդ պսակեցիր:

Եթե Վարդանը լռեց հոր առաջ, այդ չէր նշանակում, թե նույն լռությամբ պիտի ընդուներ մոր հարվածը: Նա ոտքի ելավ և, ոտները հատակին զարնելով, աղաղակեց.

– Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք ինձ իմ փողերը: Մարիամը, որ սենյակի մի անկյունում նստած, վկա էր այդ տեսարանին, հեկեկաց և դուրս վազեց:

– Որդի, ուրեմն փողը քրոջիցդ ավել ե՞ս սիրում: Ամոթ է:

– Լավ, թող երեխային հանգիստ, – գոչեց Աթանեսը, – ես կատակ էի անում: Մի՛ վախենար, որդի, քո փողերին ոչ ոք չի կարող դիպչել:

Իր հոգու խորքում նա ուրախ էր, որ զավակն այդ հասակում արդեն այդչափ փարում է տիեզերքի առանցքին: Այդ կնշանակե, որ նա երբեք անոթի չի մնալ, փողը նրա մոտ է վազում, ով սիրում է նրան իր աչքի լույսի պես:

Որոշվեց Վարդանի դրամագլուխը թողնել հոր մոտ: Աթանեսը իր հաշվեմատյանում կունենա առանձին էջ Վարդանի անունով և կշահագործե նրա համար:

Օրիցօր դրամագլուխը ավելացնելով Վարդանը քանի գնում այնքան ավելի դառնում էր համարձակ, ինքնավստահ: Նրա փոքրիկ գլուխը շարունակ խորհում էր միայն ու միմիայն եկամտի նոր աղբյուրներ գտնելու մասին և երբեմն իր խորհուրդներով համարձակվում էր խառնվել նույնիսկ հոր գործերի մեջ:

Մի օր նա հարցրեց.

– Հայրիկ, աշխարհի երեսին ամենից մեծ վաճառականը ո՞վ է:

Աթանեսը առանց տատանվելու պատասխանեց:

– Մարոզովը:

– Էլ նրանից հարուստ մարդ չկա՞:

– Կա:

– Ո՞վ է:

– Մի ջհուդ:

– Ի՞նչ է այդ ջհուդի անունը:

– Ուռշիդ…

– Հայրիկ, Ուռշիդն ինչքա՞ն փող ունի:

– Դժվար է ասել, նրա հարստությունը չափ չունի, ինչպես ծովի ավազը:

– Բայց ինչո՞վ է նա այդպես հարստացել:

– Խարթութով, – պատասխանեց Աթանեսն ամենայն լրջությամբ:

– Բա՜ա, – զարմացավ Վարդանը:

– Պատերազմի տարին Ուռշիդի պապը խարթութով ներկել է ջուրը և գինու տեղ ծախել զորքին:

– Ուրեմն մարդկանց խաբել է, գողություն է արե՞լ:

– Լավ լսիր, տղաս, վաճառականության մեջ գողություն կամ խաբեբայություն չկա, խելք կա և խելոքն էլ նա է, որ ջուրը գինու տեղ է ծախում, պղինձը ոսկու տեղ:

– Որտե՞ղ է այժմ այդ Ուռշիդը:

– Ֆռանգստանում:

– Մարդ գիտենար նա ինչ է ուտում:

– Կերակուրն ես ասո՞ւմ: Նրա սիրած ուտելիքը տապակած գորտն է:

 

– Գո՞րտը, – գոչեց Վարդանը, իր ականջներին չհավատալով:

– Հրամանքս, գորտ: Ասում են Ֆռանգստանում բոլոր մեծամեծները տապակած գորտ են ուտում, այս պատճառով էլ այնտեղ գորտը թանկ արժե, հատը մի ոսկի:

– Հատը մի ոսկի, – կրկնեց Վարդանը, – ուրեմն, – ավելացրեց մի փոքր մտածելուց հետո…

– Ուրեմն ի՞նչ…

Վարդանը լռեց: Նա ուզում էր հարցնել հորը, արդյոք չի՞ կարելի այսուհետև պարապել գորտի վաճառականությամբ: Չէ՞ որ Ջիլզիլի շրջակա ճահիճները լիքն են գորտերով… Հատը մի ոսկի… Ֆռանգստանում՝… բայց նա չհամարձակվեց իր հետաքրքրությունն այդքան հեռու մղել և լռեց…

Այդ օրից «Ուռշիդի» հարստությունը Վարդանին հանգստություն չէր տալիս: Հոր պատմած առասպելներին ավելացնելով մի շարք ուրիշները, սկսեց ընկերներին պատմել իբրև իրականություն: Մի անգամ Ուռշիդի ադամանդյա զգեստները և ոսկե պալատները նկարագրելիս, պատահաբար ներկա էր վերջին դասարանի աշակերտ Դանիել Դալբաշյանը – Աբրահամ աղայի որդին, լայն երեսով, մեծ բերանով և մեծ քթով մի տգեղ էակ, սակայն բարեսիրտ:

– Այդ միլիոնատիրոջ անունը Ուռշիդ չէ, Ռոդշիլդ է, – նկատեց Դանիելը, բարեսրտաբար ծիծաղելով:

Մի ուրիշ անգամ, երբ Վարդանը դարձյալ ոգևորված խոսում էր իր բարձրագույն իդեալի մասին, Մկիչն ասաց,

– Քո Ռոդշի՞լդն է մեծ մարդ, թե՞ գեներալը:

– Իհարկե, Ռոդշիլդը, նա փողով ինչ ուզե, կարող է անել: Նա թագավորներին էլ է պարտք տալիս:

– Փի՜շտ, փի՜շտ, – գոչեց Մկիչը և մի թեթև բռունցք հասցրեց Վարդանին:

– Իմ խելքով Ռոդշիլդից էլ, գեներալից էլ մեծը կաթողիկոսն է, – ասաց Մինասը:

– Մեր գավառապետը եթե թագավորից հրաման ստանա, քո կաթողիկոսին էլ կարող է բանտարկել, – մեջ մտավ Մարտիրոսը, բոթելով Մինասի կողը:

Վիճաբանությունը կարող էր սուր բնույթ ստանալ և գուցե հարկադրեր Մկիչին բռունցքի ուժով բոլորին համոզել, թե գեներալից մեծ մարդ չկա աշխարհի վրա, եթե նրանց ուշադրությունը չգրավվեր մի հանգամանքով: Գանգրահեր Լևոնը մի ինքնահնար երաժշտական գործիքի վրա նվագում էր մի անուշ հովվերգ, որ նա լսել էր թափառաշրջիկ աշուղից: Այդ գործիքը ուրիշ ոչինչ էր, եթե ոչ դդումի չորացրած կեղև, որի վրա կապել էր ձիու մազեր լարերի ձևով: Նա նվագում էր այնքան արվեստորեն, որ ընկերները կարծեցին, թե սազ է գործիքը: Բոլորը շրջապատեցին նրան: Մկիչը իսկույն հրամայեց նրան նվագել պարելու եղանակ, և ինքը մեջտեղ ընկնելով, սկսեց պարել մյուս ընկերների ծափերի ներդաշնակությամբ:

Այս բոլորը կատարվում էր թուրքերեն լեզվի դասաժամին, որին միշտ ուշանում էր դասատու մոլլա-Նուսուլլան:

Հանդեսի ամենատաք միջոցին ներս մտավ մոլլան:

– Է՜վալլա, է՜վալլա, – գոչեց նա, ձեռները դնելով կողերի վրա, – մաշալլա, ադա դա ումի՞ հարսանիքն է:

Մկիչը ուշադրություն չդարձրեց և շարունակում էր ոստոստալ: Լևոնը նույնպես շարունակում էր. նա մոլլային չէր նկատել: Արդեն վաղուց մոլլան ոխ ուներ այդ «աներես» աշակերտների դեմ, որ նրանից չէին վախենում և ոչ էլ ամաչում: Նա հարձակվեց Մկիչի վրա, որ բռնե: Ճարպիկ աշակերտը մի ոստումով փախավ, ազատվեց: Նրան հետևեցին մյուսները: Եվ այդ օրը թուրքերեն լեզվի դասատվությունը չկայացավ:

Հաջորդ տարին ամառվա վերջերին Աթանեսը հանկարծ ընկավ անսովոր մելամաղձության մեջ: Ասենք, առանց այդ էլ մի ուրախ մարդ չէր, բայց այժմ դարձավ միանգամայն անտանելի: Երեկոները, տուն վերադառնալով, դարպասից մտած չմտած՝ կանչում էր լեզգի Օսմանին և կոշտ ու կոպիտ հանդիմանում էր նրան առանց առիթի կամ ինքը հորինելով որևէ առիթ:

Սենյակ մտնելով, նա հարձակվում էր կնոջ վրա, դարձյալ երևակայական զանցառությունների պատրվակով: Հայհոյում էր նրան, որպես երբեք չէր հայհոյել, տարօրինակ, նորահնար հիշոցներով, որոնք երբեմն դիպչում էին Գյուլումի ամենահեռավոր ազգականներին անգամ: Այնուհետև անսովոր շտապով, շրթունքներն ու մատներն այրելով, երկու բաժակ թեյ էր խմում և իսկույն առանձնանում: Չորս սենյակներից մեկում, մի հատիկ մոմի աղոտ լուսով համարակալի վրա ինչ-որ հաշիվներ էր անում, ընկնում էր խորին մտածողության մեջ, փնթփնթում, ձեռով ճակատը տրորում, ատամներով բեղերը կրծոտում: Այդ րոպեներին նրա բերանից թռչում էին այնպիսի անեծքներ, որոնց նմանը հազիվ թե մի ուրիշը արտասանած լիներ Զիլզիլ քաղաքում: Թե ումն էր այդպես մկրտում և ինչու – միայն ինքը գիտեր: Նրա շանթակիր հայացքները անցնում Էին մի պատից մյուսը, բարձրանում Էին առաստաղը, իջնում Էին հատակը, դիմում Էին դեպի դռները, կարծես, ամենուրեք որոնելով իր մտածումների, իր կատաղության, իր արտասովոր տանջանքների չար ոգուն, որի մարմնավոր պատկերը, սակայն, իր ուղեղի մեջ էր…

Գյուլումը մտածում էր – չէր գտնում ամուսնու այդ տարօրինակ, այդ անսպասելի փոփոխության պատճառը: Նա հարցնում էր Վարդանին, բայց պատանին էլ նույնքան գիտեր, որքան ինքը, այսինքն՝ ոչինչ: Մի օր նա փորձեց հարցնել Աթանեսին, բայց բերանը բաց արած չբաց արած, զղջաց:

Աթանեսը գոռաց.

– Քաշիր լեզուդ փորդ, եթե չես ուզում, որ կտրեմ:

Մյուս օրը Գյուլումը գնաց աղջկա մոտ և խնդրեց, որ սա իր ամուսնու միջոցով Աթանեսի առևտրական գործերի մասին որևէ տեղեկություն իմանա: Բայց այդտեղից էլ նա մի որոշ բան չիմացավ: Այնինչ՝ Աթանեսը քանի գնում այնքան անհանդուրժելի էր դառնում: Այժմ նրա հետ ոչ մի բանի մասին խոսել չէր կարելի: Նա կատաղում էր նույնիսկ այն ժամանակ, երբ կինը առավոտները հարցնում էր, թե ինչ կերակուր է ցանկանում, որ պատրաստվի: Բանն այնտեղ հասավ, որ խեղճ կնոջ ձայնը, շարժումները, քայլվածքը, շշնջյունն անգամ նրան գրգռում էին, և Գյուլումն ամեն կերպ աշխատում էր խույս տալ նրա հայացքից:

Մի երեկո Աթանեսը նոր էր վերադարձել շուկայից, երբ ծանր քայլերով և գլուխը սովորականից բարձր պահած ներս մտավ Աբրահամ աղան: Այդ մարդը երբեք առանց որևէ կարևոր պատճառի չէր այցելում Աթանեսի տունը: Այս անգամ, որքան կարողացավ նկատել Վարդանը, նրա դեմքն ուներ առանձին լրջություն ու խորհրդավորություն: Աթանեսը ընդունեց նրան նկատելու չափ զուսպ և անմիջապես հրավիրեց առանձին սենյակ ու դռները փակեց: Վարդանի համար պարզ էր, որ այդ այցելության նպատակը արտաքո կարգի է:

– Ես պիտի կանգնեմ դռների մոտ և ականջ դնեմ, տեսնեմ ի՞նչ են խոսելու, – ասաց նա մորը:

– Բայց զգույշ, եթե հայրդ տեսնե, կարող է քեզ խեղդել: Ես նրանից վախենում եմ:

– Մի վախենար, չի տեսնի…

Այդ տասնուերեք տարեկան պատանու գլուխն անհամեմատ ավելի էր զբաղված հոր գործերով և նրա տրամադրությամբ, քան կարող էին երևակայել նրա ծնողները:

Սկզբում երկու վաճառականները խոսում էին հանդարտ, անվրդով, այնպես որ Վարդանը հույսը կտրեց մի բան լսելու, բայց շուտով նրանց ձայները բարձրացան: Այն ժամանակ փոքրիկ լրտեսը լսեց հետևյալը. —

– «Ես քեզ ասում եմ՝ մանեթին վեց շային լավ փող է, ստացիր ու ձայնդ քաշիր, – համոզում էր Աբրահամ աղան:

– «Մանեթին մանեթ, մի կոպեկ էլ պակաս չեմ վերցնի,հասկանո՞ւմ ես: Այնքանն էլ բավական է քեզ, որ տոկոսից ձեռք եմ վերցնում:

– «Չունեմ, այ մարդ, չունեմ, լսում ես թե չէ:

– «Ունես ու շատ լավ ունես: Դու կարծում ես, ես բան չե՞մ հասկանում: Մի երկու տարի Մարոզովին օրինավոր վճարելով, կրեդիտ ես ձեռք բերել, մարդը հավատացել է քեզ, անցյալ տարվանից երկու անգամ ավելի է ապրանք բաց թողել: Հիմա քեզ սնանկ ես հրատարակում, մարդու ապրանքը տակովդ ես անում, ուզում ես մանեթին քսան կոպեկով ազատվել: Արա, ես ինչ եմ ասում, դա քո խղճի գործն է, բայց իմ փողերը մի՛ կլանիր, ամոթ է, աստված ճանաչիր, խիղճ ունեցիր:

– «Դե լավ, յոթը շայի ստացիր մանեթին, աստված, երկինք ու երկիր վկա, որ ավելի տալ չեմ կարող:

– «Մանեթին մանեթ, մանեթին մանեթ, ականջներ ունե՞ ս, թե խուլացել ես:

– «Լավ, որ իսկի մի կոպեկ էլ չտամ, ի՞նչ պիտի անես, – ասաց Աբրահամ աղան այնպիսի դիվային ձայնով, որ Վարդանի մարմնով սարսուռ անցավ:

– «Օրենք կա, չէ՞, դատաստան կա, չէ՞, – գոչեց Աթանեսը խուլ ձայնով:

– «Մինչև օրենքը գործի քննելը, դու էլ, ես էլ գերեզման կմտնենք:

– «Ոչ, չեմ թողնի քեզ, որ քո մահով մեռնես, ահա այս չորացած ձեռներովս կխեղդեմ քեզ…

– «Դեհ, խեղդիր, պրծիր էլի…

Քանի մի վայրկյան տիրեց լռություն: Վարդանին թվաց, որ, իրավ, հայրը հարձակվեց Աբրահամի վրա և խեղդում է նրան: Նա ամբողջ մարմնով դողաց և կամեցավ դռները բանալ ու ներս վազել, բայց դռները փակ էին ներսից:

– «Աբրահամ, – լսվեց, վերջապես, Աթանեսի ձայնը, – տունս մի՛ քանդիր, կին ունեմ, զավակներ ունեմ:

– «Ես էլ ունեմ, իմ տունը քանդվում է, թող քոնն էլ քանդվի:

– «Որ այդպես է, քեզ բանտ նստեցնելը մեղք չէ: – «Նստեցրու, ինչ արած, կնստեմ:

– «Աբրահամ, մի արա այդ բանը, վերև աստված կա, կրակ կթափի գլխիդ…

– «Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ լինելու, ինձ նմանները շատ կան:

– «Չկան մեր քաղաքում, չկան, սկսողը դու ես:

– «Մի երկարացնի, ուզո՞ւմ ես մանեթին քառասուն կոպեկ:

– «Չէ, չէ ու չէ:

– «Մնաս բարով:

– «Աբրահամ…

– «Հետո գլխիդ կթակես ու վայ կկանչես…

– «Աբրահամ…

– «Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող:

– «Դե դուրս, դուրս, անամոթ, դուրս, անպատկառ, աննամուս, դուրս, շան կաթ կերած, դուրս, քո հոր ոսկորները, դուրս, քո գդակը… քո բեղերը… քո հոգին… քո հավատը…»:

Վարդանը մի ոստումով արդեն հեռացել էր դռներից ու կուչ եկել սենյակի անկյունում:

Դռները բացվեցին: Աբրահամը դուրս եկավ: Եթե սենյակը լավ լուսավորված լիներ, Վարդանը կտեսներ իր պատվելի կնքահոր երեսից հոսող արյունը, և նրա աչքերի սոսկալի արտահայտությունը:

Դժբա՜խտ երեկո, ավելի դժբա՜խտ գիշեր, որ Վարդանն անցկացրեց անքուն մինչև լույս:

Նա շարունակ տրորվում էր անկողնի մեջ, հառաչում, ականջ դնում հոր ննջարանի կողմը, ուսկից, սակայն, ոչ մի ձայն, ոչ մի շշունջ չէր լսվում… Նա շատ բան էր հասկացել Աբրահամ աղայի ասածներից, պակասը լրացրել էր մայրը, որին Մարիամի ամուսինը տվել էր մի քանի տեղեկություններ Աբրահամի գործերի մասին: Նրա հայրը կորցնում է իր ամբողջ ազատ դրամագլուխը, նա ինքը զրկվում է սեփական փողերից և հավասարվում էր աղքատ ընկերներին: Այնինչ – դեռ երեկ իրեն համարում էր հարուստ: Որքա՞ն պիտի ծիծաղեն նրա վրա ընկերները և ուրախանան չկամությունից, մանավանդ այդ քոսոտ ու հոտած Մարտիրոսը:

Լուսադեմին միայն նա կարողացավ քնել: Բանալով աչքերը, նա իր անկողնի մոտ տեսավ հորը:

– Աբրահամ աղան պիտի կո՞ւլ տա մեր փողերը, – եղավ նրա առաջին խոսքը:

Աթանեսը գունատ էր, աչքերի կոպերն ուռել ՝ էին անքնությունից, դեմքն արտահայտում էր դառը տանջանք, կրծող վիշտ: Նա տարօրինակ հայացքով նայեց որդու երեսին և տարօրինակ եղանակով արտասանեց.

– Գայլ եղիր, գայլ, որ քեզ չուտեն, որ դու ինքդ ուտես գառներին:

Հետո բազմեց մինդարի վրա և, ոտները ձգելով, ավելացրեց.

– Աբրահամը ոչ աստված ունի, ոչ հավատ, ոչ ամոթ, ոչ նամուս: Նա շուն է, շնից լիրբ, նա գազան է, գազանից անխիղճ: Եղբայրն եղբոր այնքան չէր հավատում, ինչքան ես էի հավատում անիծվածին:

Նա լռեց, գլուխը թեքեց կրծքին և, կարծես, ինքն իր հետ խոսելով, շարունակեց.

– Վեց հազար հինգ հարյուր մանեթի տեղ երկու հազար վեց հարյուր, ինչո՞ւ. ի՞նչ օրենքով, ո՞ր ավետարանումն է գրված դա, ո՞ր օրենքում, ո՞ր կրոնում, ո՞ր ազգի մեջ:

– Իմ փողերն է՞լ են կորչում, – հարցրեց Վարդանը սրտի տրոփյունով:

– Քոնն էլ, իմն էլ, Մարիամինն էլ: Աստված խելքս առավ և աղբի մեջ գցեց: Լավ է եթե չոր տափի վրա չմնամ, բայց կմնամ, կմնամ, նա մանեթին քառասուն կոպեկ էլ չի տա, գիտեմ չի տա, նա բոլորը կկլանի…

Նա դարձյալ կատաղեց, միայն այս անգամ անզոր կատաղությամբ: Նա գդակը գլխից վերցրեց, ձգեց հատակի վրա և ասաց.

– Կոխոտիր գդակս ոտներիդ տակ, որդի, կոխոտիր, ես արժանի եմ: Ի՞նչ, ես չկարողանա"մ այդ թոկից փախած ավազակին խեղդել ու շանսատակ անել: Երեկ երեկո ես, ինքս ինձ մոռանալով, մի բռունցք տվեցի նրա քիթ-պռունգին, այսօր զղջում եմ: Դա վախկոտություն է, Վարդան, դա տղամարդկություն չէ: Տղամարդն իր արածից չպիտի ամաչէ ու չպետք է զղջա վախկոտ կատվի պես: Բայց, ի՜նչ արած, վիզն իմն է, թոկը նրա ձեռքում, էլի ես պետք է խոնարհվեմ…

Եվ այն մարդը, որ քառասուն ու յոթամյա կյանքում միայն երեխա տարիքում էր լաց եղել, արտասվեց:

Վարդանը վերցրեց գդակը, թափ տվեց և դրեց նրա գլխին: Նա լուռ էր, չգիտեր ինչպես և ինչ խոսքով մխիթարեր ու հանգստացներ մարդուն: Մինչև այդ օրը նա իր հորը համարել էր ամենազոր և անխոցելի, այժմ, տեսնելով նրա ներկա խեղճ վիճակում, կարեկցության հետ զգաց մի տեսակ խուլ արհամարհանք: Մի՞թե դա այն մարդն է, որի հոնքերի կիտումից անգամ սարսափում էին նրա մերձավորները: Նա կամեցավ այդ ասել իր հորը, բայց չհանդգնեց, բարվոք համարելով լռել և հեռանալ:

Երեկոյան Աթանեսը, խանութը փակելով, բանալիները տվեց Վարդանին և ինքը գնաց Աբրահամին տեսնելու: Այդ այցելությամբ նա կամենում էր մի կերպ մեղմացնել իր բռնուցքի տպավորությունը, և սխալվեց: Հայտնվեց, որ Աբրահամը այն անձանցից չէ, որոնք անարգանքը դյուրությամբ են ներում: Ընդհակառակը, օգտվելով Աթանեսի խոնարհումից, նա այս անգամ մերժեց մանեթին նույնիսկ քառասուն կոպեկ տալը և դուրս արավ նրան, ասելով.

– Երեկ դու, այսօր ես: Գնա գանգատվիր, ինչ որ օրենքը վճռի, այն կստանաս…

Երբ Աթանեսը տուն եկավ, Վարդանը, որ անհամբեր սպասում էր նրան, նայեց երեսին և ամեն բան հասկացավ առանց խոսքերի:

– Որդի, – ասաց հայրը ներս մտնելուն պես, – նա չի ուզում ոչինչ տալ: Նա ինձ ավելի անարգեց, քան ես երեկ: Խփե՞լ: Ոչ, չհամարձակվեց: Եթե ձեռք բարձրացներ, երկուսիցս մեկը պիտի տեղն ու տեղը շանսատակ լիներ: Բայց այդ ոչինչ, բանն այդ չէ…

Եվ նա, մի փոքր շունչ առնելով, շարունակեց.

– Լսիր, որդի, եթե դու իմ հարազատ զավակն ես, եթե քու արյունն իմ արյունից է, քո ոսկորն իմ ոսկորից, եթե քեզ կին է ծնել և ոչ թե շուն ցգնել, այսօրվա օրը չպիտի մոռանաս: Աստված գիտե, այս անպատվությունը կտանեմ, թե չէ, բայց վերջս այսպես թե այնպես մահ է: Ի հարկե, ես ձեռքիցս եկածը պիտի անեմ Աբրահամից վրեժս առնելու, բայց դա քիչ է, իմ մեծ հույսը քեզ վրա է: Հասկանո՞ւմ ես. խոսքս Աբրահամի զավակների մասին է: Դու կարող ես մի օր հարստանալ և անպատճառ կհարստանաս, ես այդ զգում եմ, նայելով քո աչքերին, տեսնելով քո վարք ու բարքը, քո խելքի զորությունը, քո համբերությունը, քո աչքաբացությունը: Երբ դու կմեծանաս, կզորանաս, երբ մարդիկ կսկսեն քո առաջ խոնարհվել, քեզ շողոքորթել, թող քո որդիական պարտականությունը լինի այսօրվա օրը միտդ բերել և քո հոր վրեժն առնել Աբրահամի որդիներից: Քո հարստության ուժով դու պիտի թոկ գցես նրանց վզին և խեղդես, խեղդես: Թող գոռան ցավից, թող աղաչեն, աղերսեն, բայց դու չպիտի խնայես նրանց: Դու պիտի այն օրին հասցնես նրանց, որ դռնեդուռ ման գան, մուրացկանություն անեն, և դու ծիծաղես նրանց երեսին, թքես նրանց վրա, մի քանի կոպեկ շպրտելով…

 

Բավական է, մարդ, մի՛ անիծիր որդուդ, – գոչեց Գյուլումը, որ ներկա էր և սարսափով էր լսում ամուսնու խոսքերը:

– Դու լռիր, դա անեծք չէ, դա օրհնություն է:

Եվ նա նայեց որդու երեսին, որ գիտենա, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա իր խոսքերը: Վարդանը լուռ էր: Ձեռները կրծքին դրած, գլուխը թեքած, նա անշարժ լսում էր հոր խոսքերը և ոչ միայն լսում, այլև նրա յուրաքանչյուր բառը դրոշմում էր մտքի մեջ: Եվ երբեք նրա դեռահաս գլուխը այնպես չէր գործել, որպես այժմ: Նա ապագայի համար դարբնում էր վրիժառության մեկը մյուսից սոսկալի մեքենաներ: Առանց հոր խոսքերի էլ նրա սիրտը լեցվել էր թունավոր կիրքով: Հրդեհված կրծքի մեջ հայրը միայն մի բուռ յուղ թափեց:

Նա չոքեց հոր առջև, բռնեց նրա ձեռքը, համբուրեց, դրեց ճակատին:

«Ես կկատարեմ քո ավանդը» – այս էր նրա համբույրի լուռ իմաստը…

Սափրիչ Պողոսի խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, մի կիսախարխուլ տան անկյունում: Դա մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր, պատերն անպաստառ, կիսավեր, առաստաղը թանձր մուխից սևացած, հատակը ծածկված ցեխի, մուրի և մարդկային մազերի զզվելի շաղախով: Միակ լուսամատի ապակիները վաղուց էին փշրվել, և այժմ նրանց փոխարինում էր յուղած թուղթը: Ջախջախված և տեղ-տեղ կարկատված դուռը հիշեցնում էր մուրացկանի ցնցոտին:

Այցելուների համար երեք պատերի երկայնությամբ շինված էր փայտյա միապաղաղ նստարան: Դա էր սափրատան ամբողջ կահ-կարասին, եթե չհաշվենք մի հնադարյան բազկաթոռ երկու փութ ծանրությամբ: Այդ եռանկյունի կազմող նստարանի վրա արվարձանի անգործ կամ ծույլ բնակիչները, որը ծալապատիկ նստած, որը ոտները կախած, որը կկզած, վերջապես կողքի վրա պառկած, քննում ու քննադատում էին քաղաքի խոշոր ու մանր դեպքերը սափրիչ Պողոսի մկրատի չխկչխկոցի ներդաշնակությամբ: Դա մի ինքնատիպ կլուբ էր, ուր շատ անգամ շոշափվում էին բարձր նյութեր – քաղաքական, պատերազմական, ավելի հաճախ՝ կրոնական: Իսկ երբ խոսելու նյութը սպառվում էր, կլուբի անդամները զվարճանում էին կատակներով, սրախոսություններով, փոխադարձ ծաղակոծությամբ, չարաճճի մանուկների պես միմյանց վրա ջուր թափելով, իրար բոթելով, կմշտելով և հըռհըռ բարձրաձայն քրքջալով:

Օրը կիրակի էր, եղանակը ցուրտ, խոնավ, անախորժ: Սափրատան մեջտեղում, աղյուսի հատակի վրա դրած «մանղալում» մխում էր ածուխը փայտի կտորների հետ, ծուխը զարնելով ներկա եղողների դեմքերին, և ոմանց աչքերից արտասուք կորզելով: Տիրում էր արտաքո կարգի աշխուժություն: Լուրը բերել էր ինքն ուստա Պողոսը: Դա վերին աստիճանի խոշոր, հետաքրքրական և միանգամայն անսպասելի ու չտեսնված նորություն էր Զիլզիլ քաղաքի համար:

Աբրահամ աղա Դալբաշյանը սնա՞նկ – քաղաքի աոաջին վաճառակա՞նը, ամենքի նախանձի առարկա՞ն, հարգանքի և ատելության կենտրո՞նը, հասարակության ամենամեծ սյուներից մե՞կը, վերջապես, տեղական հոգևորականության երկրորդ աստվա՞ծը: Ինչպե՞ս այդ «խելքի ծով» և զգաստության տիպար մարդը չկարողացավ տանել իր գործերը: «Ո՛չ, ո՛չ, այդ անհավատալի է, անշուշտ, մեջտեղ «մի «և» կա»:

Եվ այդ «և» – ի մասին առաջին կասկածը հայտնեց նախկին մանրավաճառ, այժմ անգործ Բունիաթը, որի ածականն էր «Հաբաշի տղա»:

– Ուստա Պողոս, – դարձավ նա սափրիչին, – խոսքդ թամամցրու, տեսնենք:

Նա խորամանկ էր, զգում էր, որ Պողոսն ավելի գիտե, քան ցույց է տալիս, միայն չի կամենում բոլորը միանգամայն ասել: Ամբողջ ժողովն իր հայացքը հառեց ուստա Պողոսի բերնին: Եվ ուստան, ունկնդիրների հետաքրքրությունն ավելի գրգռելու համար, նախ հազաց, ծխից արտասվող աչքերը սրբեց, ապա դուրս բերեց գոտիից քաշ արած բազմաթիվ ածելիներից մեկն ու սկսեց սրել, քսելով մեջքին կապած կաշվե սրոցին:

– Աբրահամ աղան, – արտասանեց նա վերջապես, կարելույն չափ իր բութ դեմքին խորհրդավոր լրջություն տալով, – այսօր չէ, որ կոտր է ընկնում: Մոտ մի տարի է, որ նրա ջուրը պղտորվել է, միայն շատ քչերն են, որ գիտեին այդ բանը, – ավելացրեց նա ինքնագոհ ժպիտով, որ կնշանակեր, թե մեկն էլ այդ քչերից ինքն է:

– Պատճա՜ռը, պատճա՜ռն ասա, – գոչեցին այս ու այն կողմից:

– Պատճա՞ռը, հըը, պատճա՞ռը: Մարդ է էլի, մեծ մարդ, ամեն մի մեծ մարդ իր կամքն ունի:

– Օրինակ, ինչպե՞ս:

– էհ, բան է էլի: – պատասխանեց Պողոսը, աչքի տակով խորամանկորեն նայելով նախկին մանրավաճառ Բունիաթի երեսին, որ նրա կարծիքով ամենից լավ հասկացող ժողովականն էր, – ասում են հիմա կոտր ընկնելն էլ մոդա է, ինչպես ֆոտոգենի ճրագը: Մոդան սկսվել է Թիֆլիսից ու եկել է մեր կողմերը Ղարաբաղի կողմերով: Գոհանամ զքեն, տեր, մարդ կա, որ իր մարդկությունը չի մոռանա հազար ոսկով էլ, մարդ էլ կա, որ փողի համար հոգին սադայելին կծախի…

Արտահայտելով այս խորին փիլիսոփայական միտքը, ուստա Պողոսն ածելին դրեց տոպրակի մեջ, դուրս բերեց երկրորդը և շարունակեց սրել ավելի մեծ եռանդով:

– Ուստա Պողոս, խոսքիդ ջովհարն եմ հասկանում, – ասաց Բունիաթը, – մենք էլ վաճառական ենք եղել, քչից շատից խելք ունենք: Ասա, տեսնենք:

Նա վերցրեց երկաթյա խառնիչն ու մանղալի կրակը ցրեց: Ծուխը մի փոքր մեղմացավ, ուրախ կրակն ամենքին տրամադրեց զվարթ: Շերամապահ Անտոնն ամենից առաջ ըմբռնեց Պողոսի ու Բունիաթի խոսքերի բուն իմաստը:

– Չլինի" թե, – ասաց նա, դառն թամբաքուի չիբուխը բերնից հանելով և բեղերի ծլլոցը սրբելով, – չլիսնի՞ թե Աբրահամ աղան ուրիշների կարողությունը տակովն է անում: Չը՜րթ, – թքեց նա ատամների արանքով մանղալի մեջ և չիբուխը նորից դրեց բերանը:

Ուստա Պողոսը ոչինչ չպատասխանեց, բայց և չհերքեց էլ շերամապահի հանդուգն ենթադրությունը: Մյուսները, բացի Բունիաթից, բողոքեցին, մանավանդ տիրացու Գալուստը: Սուտ կո՞տր, Աբրահամ աղան սուտ կո՞տր: Չէ՛: դա խելքի մոտիկ բան չէ: Աբրահամ աղան քաղաքի ամենաազնիվ վաճառականն ու ամենամաքուր մարդն է: Ահա տասներկու տարի է եկեղեցու երեսփոխ է և ինը տարի է քաղաքի դեպուտատն է: Մինչև այսօր ո՞վ է համարձակվել նրա անունին կեղտ կպցնել:

– Տիրացու, – նկատեց շերամապահ Անտոնը, որ ատելով ատում էր տիրացու Գալուստին, – ինչպես տեսնում եմ, Աբրահամի դոլման ու փլավը շատ ես հավանել: Անուշ լինի, ո՞վ է ասում: Չը՜րթ, – թքեց նա դարձյալ մանղալի մեջ:

– Ւհարկե, – ասաց ուստա Պողոսը, – մեզանից ո՞ր մեկը չէր խաբվի, եթե տանն ուներ մի չար սատանա: Գիշեր-ցերեկ սատանան կողքդ կբզբզե ու ականջիդ կփսփսա

«արա՛, արա՛», դու էլ կանես էլի, ի՞նչ զարմանալու բան է: «Քիի՜շ-չըը՜շ> չիի՜շ-չը՜շ», – շարունակեց նա սրել ածելին:

Ամառը որմնադիր, ձմեռն անգործ Հայրապետն իմաստուն եղանակով նկատեց, թե բարեպաշտ քրիստոնյային ոչ մի սատանա չի կարող շեղել աստծու ճանապարհից, եթե նրա մեջ չարության սերմ չկա:

– Սատանա էլ կա, սատանա էլ, – հակաճառեց Բունիաթը: – Ուստա Պողոսը որ բերանը բաց արավ, իսկույն իմացա քամին որտեղից է փչում, չը՜րթ…

– Աֆարի՜մ մարդ, – դոփեց նրան Պողոսը, – ուրեմն դու Աբրահամ աղայի եղբորը՝ Իսրայելին շատ լավ ես ճանաչում: Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ:

Իսրայելի անունն ընդհանուր ատելություն և նողկանք շարժեց: Այդ տակավին երիտասարդ վաճառականը քաղաքի պահպանողականների աչքում վարկ չուներ իր նորմալության շնորհիվ: Ամեն տարի նա Մոսկվայից կամ Նիժնի-Նովգորոդից մի որևէ նորություն էր բերում: Այս անգամ նա այնտեղից վերադարձել էր բեղերը կռտած և արխալուղի փոխարեն օձլած շապիկ, ու կարճ բաճկոն հագած: Բավական չէր այդ, նա իր կնոջն էլ ստիպել էր տեղական հագուստի փոխարեն հագնել ռուսի «սարաֆան» և երեսը բաց փողոց դուրս գալ, այսպիսով մոլորեցնելով ուրիշների կանանց էլ:

– Ա՜յ, աղա դու ես, հենց այդ լիրբ Իսրայելն է ամեն բան սարքողը, – վստահացավ, վերջապես, ասել ուստա Պողոսը, – թե չէ ինքն Աբրահամ աղան օրինավոր մարդ է: Չը՜շ-չի՜շ, չը՜շ-չի՜շ…

Weitere Bücher von diesem Autor